▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե՞լ է աշխատանքից Բաբկեն Չոբանյանը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից հերքում են, որ «Թույլ օղակ» հաղորդաշարը փակվել է:

Ըստ տարածված լուրերի` հաղորդաշարը փակվել է,  դերասան Բաբկեն Չոբանյանն էլ, ով վարում էր հեռուստանախագիծը, աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի իր էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն` խնդրելով պարզաբանում տալ` փակվե՞լ է արդյոք «Թույլ օղակ» հաղորդաշարը, ինո՞ւ է աշխատանքից հեռացվել Բաբկեն Չոբանյանը, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել։

Գրավոր հարցմանն ի պատասխան` հեռուստաընկերությունից հայտնել են, որ ամիսներ առաջ եթերաշրջանի պլանավորման ընթացքում  որոշվել է «Թույլ օղակ» հաղորդաշարը տեղափոխել գարնանային եթերաշրջան. հեռուստանախագիծը կցուցադրվի 2025 թվականին:

Հարցման պատասխանում, սակայն, հերքում կամ հաստատում չկա` ի վերջո, ազատվե՞լ է աշխատանքից Չոբանյանը կամ արդյո՞ք 2025 թվականին հենց նա է վարելու հաղորդաշարը:

«Հաշվի առնելով մեր սահմանված ընթացակարգերը և եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները` նախքան եթերաշրջանի մեկնարկը այլ մանրամասներ տրամադրել չենք կարող»,- ասվում է Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանի պատասխանում:

Կայքը կապ է հաստատել նաև Բաբկեն Չոբանյանի հետ, հետաքրքրվել` արդյոք աշխատանքից ազատվե՞լ է, թե՞ ոչ:

«Ո՛չ, ո՛չ, հաղորդումը եթերում կլինի մարտ ամսին»,- նշել է Չոբանյանը:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more