▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները մոտեցել են օգնելու, իսկ քաղաքացիները հայհոյել ու ծեծել են նրանց․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև  պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:

Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more