Այսօր մի շարք լրատվամիջոցներում «Լոռու մարզն այրվում է» վերնագրով տեղեկատվություն էր տարածվել: Մասնավորապես ասվում էր, որ Օձուն գյուղի մոտ այրվել են Դեբեդի կիրճի լանջերը, Բազումի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղերի խանձված բուսականությունը: Այրվել են ՄԱԿ-ի (UNWFP) ծրագրով տնկված ծառերի շիվերը:
Որպես աղբյուր վկայակոչվում էր Վանաձորի բնակիչ Ռաֆայել Մովսիսյանի` «ԷկոԼուրին» ուղարկած լուսանկարները, որոնցում նաեւ ներկայացված է կովկասյան մրտավարդը: Կովկասյան մրտավարդի մարգերը կրակով ոչնչացված են Հալաբի լեռնաշղթայի լեռնաճյուղերում: Այժմ նրանց տեղում աճում են մոլաբույսեր: Բնակիչը նշել էր նաև մարզում տեղի ունեցած մի շարք այլ հրդեհների մասին:
ASEKOSE.am-ը նախ Լոռվա մարզպետարանից, ապա նաև Լոռու մարզի փրկարար ծառայությոնների վարչությունից տեղեկացավ, որ այս օրերին հրդեհների ահազանգեր չեն ստացել և վերոհիշյալ քաղաքացու կողմից նշված հրդեհները տեղի են ունեցեկ 2010-2011 թ.թ.-ին:
Լոռու մարզի փրկարար ծառայությոնների վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության վարչության բաժնի պետ Լևոն Դալաքյանը ASEKOSE.am-ի հետ զրույցում նշել է. «Վերջին երկու ամիսներին մեզ մոտ անձրև է ու կարկուտ: Անձրևային այս եղանակի դեպքում հնարավոր չէ, որ Լոռվա մարզում չոր եղանակային պայմաններից հրդեհ բռնկվի: Անգամ զավեշտալի է հնչում: Իսկ քաղաքացու կողմից նշված հդեհները կրկնում եմ , որ մեր տեղի են ունեցել 2010-2011թ.թ.-ին »: