Ես պարզապես առաջարկ էի արել քաղաքացի Փաշինյանին, որպեսզի գնայինք և որպես երկու համաքաղաքացի, որոնք ժամանակին միասին պայքարել են իրավունքի, ժողովրդավարության, ազգային շահի համար, հասկանայինք, թե ուր է գնում Հայաստանը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանին օրեր արած իր հրավերին։
«Ցավոք սրտի, նա մսխեց ազգային զարթոնքը, ժողովրդական հեղափոխությունը և դարձել է խոնարհված վարչապետ, խորտակված հրամանատար։ Նա, ով Եռաբլուրում տեսախցիկների ներքո ծնկի է գալիս, հրավիրեցի կամ այնտեղ խնկման առանց տեսախցիկների կամ այստեղ հրապարակային զրույցի, որպեսզի միասին հասկանանք, թե ուր է գնում Հայաստանը»,– ասել է նա։
Հարցին, թե ինչ է նշանակում Հովհաննիսյանի հրավերում առկա ձևակերպումը, թե «մեզ պետք է հերթափոխենք, թե չէ մեզն են փոխելու», Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է, որ Հայաստանը պետք է գնա մեծ փոփոխությունները, այսինքն՝ Հայաստան կա՛մ գնալու է պարտադրված խաղաղության, կա՛մ պարտադրված պատերազմի, որը գուցե ինչ–որ առումով նույնն է։
«Եվ նույն ղեկավարությամբ, նույն հրամանատարությամբ, նույն վարչապետով, նույն կառավարությամբ, նույն ընդդիմությամբ, նույն պառակտված հասարակությամբ մենք չեն կարողանալու դիմակայել մեզ սպասվող թե՛ խաղաղությանը, թե՛ պատերազմին։ Եթե մենք չգնանք այդ փոփոխություններին ներքուստ՝ քաղաքական նոր մեխանիզմով, առանց վերադառնալու անցյալին, այսօր անցյալի մեծ շարունակությունն է, մենք գալու ենք մեծ անդունդի դեմ հանդիպման»,– ասել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխող ուժը ազգային շահին հետամուտ չեղավ, ազգային արժանապատվություն չունեցավ վայր դնել իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ հիմա Հայաստանը գնում է երկրի կործանման ճանապարհով։ Հարցին, եթե առաջարկում է փոխել կառավարությունը, ապա այդ դեպքում ինչու իրենք չեն մասնակցել 2021-ի խորհրդարանական ընտրություններին, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրն ասել է, որ դա ոչ թե ընտրություն էր, այլ «ընտրահանդես», որն էլ ավելի խորացրեց առկա ճգնաժամը։