▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին պատին են դեմ տվել՝ պետք է ստորագրի, նոր գնա․ Թոմաս դե Վաալ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող․ Մեդիամաքսի տնօրեն Դավիթ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի տեղեկություններով, սեղանին կա Ադրբեջանի հետ խաղաղության երկու պայմանագիր, որոնք ոչ միայն իրար չեն կրկնում, այլեւ երբեմն հակասում են։ Այսպես, Պուտինի առաջարկած փաստաթղթում Արցախի հարցի լուծումն առաջարկվում է թողնել ապագային, մինչդեռ Շառլ Միշելն առաջարկում է փաթեթային լուծում, որի դիմաց ԵՄ-ն պատրաստ է առատորեն ֆինանսավորել տարածաշրջանային հաղորդակցությունը։ Մինչ ռուսներն առաջարկում են մեկ ճանապարհ բացել, որը կվերահսկեն հենց իրենք, եվրոպացիք խորհուրդ են տալիս բացել բոլորը։ Ենթադրում եմ, որ Փաշինյանն իր ոճի մեջ երկուսին էլ խոստացել է ստորագրել փաստաթուղթը, բայց շատ շուտով, եթե ոչ առաջիկա օրերին, ստիպված է լինելու ընտրել դրանցից մեկը։ Դատելով Ջերմուկի դեպքերից՝ խաղեր տալու, խուսանավելու տարբերակներն արդեն սպառված են։ Ըստ իս, այս պահին հրաժարական տալ նրան թույլ չեն տա։ Պատին են դեմ տվել։ Պետք է ստորագրի, նոր գնա։ 

Հավելենք, որ Թոմաս դե Վաալը «Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ավելի շատ ամպեր են կուտակվում» հոդվածում, որը թարգմանաբար ու հատվածաբար ներկայացրել է Մեդիամաքսը, գրում է․

«Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում։ Բայց Ռուսաստանն ունի նաեւ Ուկրաինայի խնդիրը: Ադրբեջանը մտադիր է ապացուցել, որ Ռուսաստանը հապաղում է աջակցել իր դաշնակցին, իսկ ՀԱՊԿ-ն ընդամենը «թղթե վագր» է, ինչը ցուցադրում է նաեւ այդ կազմակերպության ձախողումը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային հարձակումների հարցում։ Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի նշանակում, որ բանակցությունները կեղծիք էին կամ ժամանակի վատնում` ինչպես պնդում էին որոշ վերլուծաբաններ: Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել։ Երկու կողմերն ամռան սկզբին համաձայնության եկան տրանսպորտային երթուղիների հարցում, մինչեւ որ ռուսները բարդություններ մտցրեցին, որոնք դադարեցրեցին ամեն ինչ: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատեցին միջպետական պայմանագրի տեքստերի վրա (Ադրբեջանի պահանջով)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջով)», - նշում է Թոմաս դե Վաալն ու նկատում, որ «1991 թվականից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին հետապնդող խնդիրը մեկն է՝ ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ «Ղեկավարները կարծում են, որ կարող են հրապարակայնորեն հրաժարվել նրանից, ինչի շուրջ պայմանավորվել են առանձին հանդիպումների ժամանակ, ձգել ժամանակը կամ ուժ կիրառել։ Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ շահեր ունեցող միջնորդ, նույնիսկ եթե վստահություն չի վայելում որպես ազնիվ միջնորդ։ Հաղորդագրություններ կան այն մասին, որ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:

Շառլ Միշելի գործընթացը ներկայում միակ կենսունակն է եւ որպեսզի այն հաջողության հասնի, ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից: Եթե այն ձախողվի, ապա այլընտրանքը կլինի Մոսկվայի միջնորդությունը, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը նոր պատերազմի մեջ կներքաշվեն», - եզրափակում է Թոմաս դե Վաալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more