▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն արտերկրից վարկեր է վերցնում, որ պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

«2016 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ խորհրդարանը քննարկում էր հերթական վարկային համաձայնագրի վավերացման հարցը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Աժ ամբոնից հայտարարեց«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»։

Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր վարկեր է վերցնում՝ ավելի ծանրացնելով Հայաստանի վարկային բեռը։ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ-ի միջև 2022թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26 մլն 500 հազար եվրո գումարի չափով: Նախորդ շաբաթ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ստորագրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի լրացուցիչ փուլի համաձայնագիրը՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով։ Այդ գումարն ուղղվելու է կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերանորոգելու խոստման իրականացմանը։ Վարկային համաձայնագիր է կնքվելու նաև Երևանի ենթակառուցվածքների բարելավման համար։

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը»,- նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված վարկային համաձայնագրի հիմնավորման մեջ։

Վարկային միջոցներով նախատեսվում է քաղաքացիական ծառայության համակարգի փոփոխություններ, մասնավորապես նոր ծառայության՝ ավագ գործադիր կորպուսի ներդրում, կընդլայնվեն պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները, մասնավորապես հարկային վարչարարության համակարգը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների հասանելիություն։

Նախատեսվում է նաև ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմներ, պետական տվյալների կառավարման միասնական կենտրոնի հիմնում և այլն։

Պետական հատվածն անարդյունավետ է գործել, այն արդիականացնելու վարկային նախկին 3 ծրագրերը արդյունավետ չեն եղել, ի՞նչ երաշխիք կա, որ 4-րդ ծրագիրն արդյունավետ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը ավելի է ծանրացնում Հայաստանի վարկային բեռը, Հայաստանի պետական բյուջեն մսխելով անարդյունավետ գործող պետական ապարատի պաշտոնյաներին պարգեւավճարներ բաժանելու, կառավարության փակ, չզեկուցվող հարցերով չհիմնավորված ծախսեր անելու, պաշտոնյաների արտերկիր թանկ գործուղումների, կառավարական ամառանոցների անհարկի նորոգումների, ծառայողական նոր, թանկ ավտոմեքենաների գնման, մեկ անձից հրատապ գնումների և այլ ձևերով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more