▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի և խաղաղության մարտիկը

Որքան պատմություններ է ավանդել մեր ժողովուրդը մեր անցած, բայց այսօր էլ մեզ հետ ապրող, մեր բարի գործերին մասնակից, մեր չար գործերից զայրացող-տագնապող հայորդիների մասին: Եվ մեր օրերում կատարված, կատարվող որքան պատմություններ ունենք, որ դեռ գրի են առնվելու, սերունդներին դաստիարակելու ու դասեր քաղելու հնարավորություն տալու համար:

Արցախյան պատերազմն արդեն իսկ նոր սերնդի համար պատմություն է, որի սերտելն անհրաժեշտություն է, եթե ուզում ենք շարունակել մեր գոյությունը և դրա համար մղվող ամենօրյա կռիվը` իհարկե հաղթելու ու մեր բանակի հզորությունը ամուր պահելու հաստատակամությամբ:

Գևորգ Գևորգյանը մեկն է այն քաջազուններից, որ Արցախյան պատերազմի ակունքների մոտ էր, երբ 14 տարին էլ չէր լրացել. 1989 թվականի ապրիլի 25-ին Թատերական հրապարակից անդամագրվեց ՀԱԲ-ին:  Նրան կամավորական, դեռևս անկազմակերպ բանակի ջոկատի հրամանատարն ընդունեց, քանի որ տղան իր պահվածքով համոզում էր.«Եթե դուք չընդունեք, մի ուրիշը անպայման կընդունի: Որոշողը ես եմ»: Այդ օրից 15 օր Երևանում էր, 15 օր դիրքերում, քիչ ժամանակ անց մասնակցում էր մարտերին: Իրականացրեց մի շարք հետախուզական գործողություններ, որոնք առանձնահատուկ էին իրենց դիպուկությամբ ու կանխատեսումներով:

Վախ` որպես այդպիսին նրա համար չկար: Իսկ հերոսանալու միտքը շա~տ հեռու էր նրանից, և հիմա էլ հարկի-անհարկի երևալու,  իր հայրենասիրությունը, ընկերասիրությունը, երբեք իրենից չհեռացող մարտունակությունը ցուցադրելու ձգտումը խորթ է նրա տարերքին: Թեև 16 տարեկան էր, բայց արդեն բազմաթիվ հետախուզական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձ ուներ:  Դեռ 7 տարեկանից յուրացրած արևելյան մարտարվեստի ու իհարկե բնատուր ճարպկության, խելքի շնորհիվ արդեն մի շարք ռազմական գործողություններում անօրինակ խիզախություն, տեղում կողմնորոշվելու փայլուն օրինակներ էր ցուցաբերել, ուներ մի քանի մարտական մականուններ` «թուրքի շորերով Գևորգ», «ՀԱԲ-ի ռազվեդկի գիժ Գևորգ»… Շատերը կարծում էին, թե սրանց տակ տարբեր մարդիկ են, մինչդեռ նույն խիզախ ու արի պատանին էր, որ ընկերների մարտի գնալուց առաջ անցնում էր թշնամու թիկունք, հետախուզում տարածքը և գործողորթյունների պլանի մշակման հիմքեր տրամադրում հրամանատարությանը:

Գևորգը չի սիրում իր մասին խոսել ու պատմել, իսկ եթե խոսում է, ապա միայն մեր ներկայի ու հայրենասիրության կարևորության մասին, բանակի հզորության ու այն պարտականության, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է հպարտությամբ ծառայի իր երկրին ու լինի հայոց բանակի խիզախ զինվորը: Իսկ իր մարտական ընկերները հաճախ են հիշում նրա խիզախությունները, հիշում են նաև զվարճալի դեպքեր, որոնցից ամենաշատը պատմվում էր քաղցրավենիքի պատմությունը…պատմում են,  որ իրենց ձեռն ընկած շոկոլադը պահում էին նրա համար. 14 տարեկան էր… երեխա   էր Երևանցի պատանին, որ Արցախ էր մեկնել հայրենիքը ազատագրելու ու հայի արժանապատվությունը պահելու համար: Մարդու այդ տեսակ ազատամարտի մասնակից զինվորը չէր կարող հանգիստ առնել, քանի դեռ պատերազմը չէր վերջացել և մինչև զինադադարի կնքումը նա չլքեց մարտի դաշտը: Վերադառնալով պատերազմից` կամավորական մարտիկը մեկ ու կես տարի էլ ծառայեց արդեն կանոնավոր բանակում: Թվում է, թե հայրենիքի առջև նա իր պարքը լիովին կատարել էր, բայց ոչ: Նրա համար հայրենասիրությունը կենսակերպ է ու ամենօրյա աշխատանք, որը երբեք չի  դադարում:

Այս փաստական տեղեկությունները թեև խոսուն են, բայց չեն կարող ներկայացնել Գևորգ Գևորգյանի մարդկային այն հատկանիշները, որ անհրաժեշտ են ոչ միայն զինվոր այրին, այլև մարդ անհատին:

Տիբեթյան վարպետների հաղորդած գիտելիքներն իհարկե իրենց կիրառությունը գտել էին պատերազմական ամենածանր իրավիճակներում, բայց դրանց դերի լրջությունը նաև խաղաղության մեջ պետք էր ներդնել: Սա Գևորգ Գևորգյանի և նրա համախոհների համոզմունքն է: Շատ ափսոս կլիներ, եթե այս տիպար հայ մարդ-ուսուցչի գործունեությունը սահմանափակվեր մեկ-երկու աշակերտ կրթելով, նրանց վաստակած մրցանակներով: 2010 թվականին  նրա ստեղծած մարտարվեստի հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը արդեն իսկ ապացուցում է, որ մարդու անցած  ուղին, նրա գիտելիքները և ամենակարևորը` հետևորդներ ունենալու նպատակը  իր պտուղներն է տալիս: Կենտրոնը ՀՀ Պաշտպանության Նախարարության հետ համատեղ ծրագրեր է իրականացրել ու իրականացնում` նպատակ ունենալով մշտապես ամուր տեսնել մեր բանակի հիմքերը, հայ զինվորին էլ՝ միշտ պատրաստ արժանի հակահարված տալու հակառակորդին: Նկատելի է, որ օրավուր ավելանում է կենտրոն դիմող, հաճախողների թիվը` 5-ից  մինչև այն տարիքը, երբ մարդ իրեն դեռ երիտասարդ է զգում: Գևորգը իր սաներին ոչ միայն մարմնով է կոփում, բացահայտում մարդկային մարմնի ֆիզիկական անսահմանափակ հնարավորությունները, այլև` մտքով: Այս իմաստով բացառիկ է, այսինքն` ուսմունքի արժեք է ստանում նրա այն մտահղացումը, որ արևելյան մարտարվեստը, որքան էլ հազարամյակների փորձ ունենա, չի կարելի անվերապահորեն ձևել հայ մարդու հոգեկերտվածքի վրա:

Արևելյան մարտարվեստը ազգայնացրած, ինչ-որ առումով սեփականացրած ուսուցչի թափառող միտքը երբեք կանգ չի առնում ձեռք բերվածի վրա: Նրա ուշադրության առարկան դարձան մեսրոպյան գրերի ձևերը, որոնց կառուցվածքը տեղայնացված արևելյան մարտարվեստում յուրատեսակ իմաստ ստացան: Այս միտքը նրա գլխում ծագեց անսպասելի` Լաչինի /ներկայիս Բերձորի/ դիրքերում, երբ Տիգիկի բարձունքն էր հսկում իր ընկերների հետ: Արմենի հետ զրուցելիս, հանկարծ նա հիշեց իր տիբեթցի ուսուցչի դասն այն մասին, որ արևելյան մարտարվետում գործածվում են հիերոգլիֆների ձևերը, քանի որ բացահայտված են դրանց շարժում նշանակող իմաստները: Իսկ ինչպե՞ս կարող են մեր այդքան կատարյալ տառաձևերը չունենալ իրենց շարժուն իմաստները: Արմենը, որ շուտով զոհվելու էր Կոռնիձորի մարտերից մեկում, տագնապեց: Գևորգն սկսել էր անկապ շարժումներ անել (նրանք նույն տիբեթցի ուսուցիչների սաներն էին): «Քեզ հենց հիմա պետք է հիվանդանոց տեղափոխել»: Սակայն այս գաղափարը պետք է իրականություն դառնար: Գևորգյան մարտաոճը  պաշտոնական ճանաչում  գտավ: 2012 թվականի մարտի 20-ին Գևորգ Գևորգյանը Հյուսիսային Շաոլինի կողմից ճանաչվել է քսաներորդ մարդը ամբողջ աշխարհում` որպես մարտարվեստի ոլորտում նոր ոճի հիմնադիր։

Այն միջոցառումների ցանկից, որոնք այսօր իրականացվում են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական–երիտասարդական կենտրոնում և որոնց մասնակցում են ամենատարբեր տարիքի անձինք, կարելի է նկատել, թե որքան բազմակողմանիորեն և վերջին հաշվով կուռ ու համակարգային մոտեցում է ցուցաբերում դպրոցը մեզ համար արդեն իսկ չարիք դարձած շատ ու շատ հասարակական և անձնային խնդիրների լուծման հարցում:

Դպրոցի շրջանակներում անցկացված միջոցառումները բազմաբնույթ են սկսած բժշկական ուղղվածությունից մինչև մարտական, ռազմահայրենասիրական: Հաճախակի են կազմակերպվում նաև խորհրդաժողովներ, ազտամարտիկների և երիտասարդների հանդիպումներ, ամառային ճամբարներ և քննարկումներ տարբեր թեմաներով, որոնք այսօր արդիական են և հուզում են թե՛ ավագ և թե՛ երիտասարդ սերնդին:

 

Սեպտեմբեր ամիսը ևս բավականին հագեցած է ծրագրերով, նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ: Առաջիկայում ՊՆ աջակցությամբ կկազմակերպվի ազատամարտիկների և ԳՄԴ-ի երիտասարդների համատեղ այց ՀՀ սահմանապահ դիրքեր՝ հայ զինվորին իրենց ոգին փոխանցելու, նրանց ամուր կամքը խրախուսելու ու ապացուցելու, որ հայրենիքին ծառայելը այն մեծագույն պատիվն է, որին մարդը ինքն է իրեն արժանացնում և հպարտությամբ կրում երկրի պաշտպանի կոչումը:

Այս ձեռնարկին կհաջորդի միջազգային մեծածավալ մի ծրագիր, որի շրջանակում  «Գևորգյան մարտարվեստի դպրոց» երիտասարդական կենտրոն կայցելեն Եվրոպական տարբեր երկրների մարտարվեստի ոլորտի 35 ներկայացուցիչ՝ «Խաղաղասեր մարտիկի ուղին» խորագրով ձեռնարկին մասնակցելու համար: Նրանք կուսումնասիրեն հայկական՝ Գևորգյան մարտաոճը, կներկայացնեն նաև իրենց գիտելիքներն ու փորձը, հաղորդակից կլինեն հայ մարդու  ոգեղեն   ուժին:

Հետևողականորեն անցկացվող  և շարունակական բնույթ կրող ծրագրերը փաստում են, որ Գևորգյան մարտարվեստի դպրոցի համար առաջնային նշանակություն ունի հատկապես մատաղ սերնդի դաստիարակությունը` հոգևոր, ֆիզիկական և մտավոր եռամիսնության ներդաշնակ զարգացման հայեցակարգով: Այստեղ երեխաների և երիտասարդների ենթագիտակցության մեջ ամուր հիմքեր են դրվում առողջ ապրելակերպի, ոչ ագրեսիվ ինքնապաշտպանության տեխնիկաների, հայրենասիրության, ազգային ինքնության և մի շարք ուրիշ կարևոր գաղափարական և ֆիզիկական բաղկացուցիչների ձևավորման  համար:

ԳՄԴ-ի սաների ուսուցումն, այսպիով, նպատակաուղղված է երկրի պատասխանատու և նվիրված քաղաքացու, առողջ  ապրելակերպին  հակված և ինքնակատարելագործման  ձգտում ունեցող ամուր անհատի  ձևավորմանը, ինչը մեր օրերում առավել  քան  կարևոր և անհրաժեշտ  գործ է:

         

 

Հեղինակ` Ա. Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more