Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին: Համալսարանական տարիներից հետո առաջին անգամ էի այս գիրքը վերցնում ձեռքս: Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի Մայրաքաղաք Ռեյկավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ:
Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձեւաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին եւ այլն եւ այլն: Ուզում էի խնդրել ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում:
Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երեւան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երեւանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ եւ հակառակ ուղղությամբ:
Չարենցի «Երկիր Նաիրիի» կարդացածս էջերի ավելացմանը զուգահեռ փոխվում էր Իսլանդական ավիաընկերության օդանավում գիրքս մոռանալու պատճառով ինձ պատած ծանր զգացողությունը: Ամեն էջի հետ այն ավելի ու ավելի էր ծանրանում: Ի վերջո վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարեւորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ։ Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել եւ, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են, կամ վախվորած անարկներ արել, բայց ճշմարտությունը ուղիղ չեն ասել եւ չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան եւ լուծել այն։
Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ոչ Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում: Ոչ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում:
2022 թվականի մարդահամարի տվյալներով իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։ Իսլանդիայի դելիմիտացված եւ դեմարկացված տարածքը կազմում է 102,775 կմ² ( 2,7% ջրային):
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է): ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:
Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է:
Իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարեւաններով: Նրանց հողի վրա աչք են ունեցել շոտլանդացիները, նորվեգացիները, դանիացիները, իռլանդացիները:
1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին՝ Դանիայի: 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում: 1944 թվականի հանրաքվեով իսլանդիացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, եւ երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:
20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50 միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել: Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:
Իսլանդացիներին չես զարմացնի նաեւ ցավով ու տառապանքով: Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18, ոչ 17 եւ ո՛չ էլ՝ 16-րդ դարերում:
1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգեւոր առաջնորդին եւ նրա երկու որդիներին եւ ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:
1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:
1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը։
1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «Մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից:
Եւ այնուամենայնիվ՝
Իսլանդան ՄԱԿ-ի՝ 2022 թվականի զեկույցի համաձայն այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո:
Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիանների մոտ հրազեն չկա:
Կանանց միջին տարիքը 81.3 է, իսկ տղամարդկանցը` 76.4:
Իսլանդիան գիտական գրականության վաճառքի համաշխարհային առաջատարն է:
Դե իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աստղաբաշխական թիվը ներկայացրեցի։
Այսպիսով, 874 թվականից առաջ Իսլանդիա անունով պետություն եւ իսլանդացի անունով ազգություն չի էլ եղել երկրի երեսին: «Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սեւ օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարեւաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «Ցուրտումութ տարիներ» կամ «Մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե’ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե’ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չե’ն վախեցել դարավոր թշնամուց, չե’ն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը եւ կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չե’ն վախեցել, որ 50 միլիոնանոց հարեւան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եւ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։
Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։
Իսլանդացիները չե’ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։
Եւ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը եւ դառնալ աշխարհի 5 ամենահարուստ եւ ամենաերջանիկ պետություններից մեկը:
Եւ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որեւէ օտար չբացի այդ գիրքը եւ չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ եւ չենք դարձրել պատմություն, մե’ր պատմությունը, բայց պատմությո’ւն, որը երբե՜ք, երբե՜ք չենք մոռանա, բայց նաեւ երբե’ք այլեւս չենք կրկնի։