▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փախան, ճողոպրեցին» ասողներին  ուզում եմ հիշեցնել` հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում. Շահրամանյան

«Փախան, ճողոպրեցին» ասողներին  ուզում եմ հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում. Սամվել Շահրամանյանը` Փաշինյանի խոսույթի մասին

«Առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվեն նման սադրանքների, որովհետև նման սադրանքներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում»,–Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախկին նախագահը։ 

***

Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց մենք բարձրաձայնում ենք մեր միջազգային իրավունքը. Շահրամանյանը՝ Արցախ վերադարձի մասին

«Մենք հիմա հասկանում ենք նաև ՀՀ իրավիճակը, տեղի ունեցող գործընթացները, փորձում ենք ամեն ինչ անել, որ վնաս չհասցնենք ՀՀ անվտանգությանը, այդ թվում՝ ռազմական ինչ-որ գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով սահմանվածը և փորձում ենք տարբեր հարթակներում մեր վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»,–Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախկին նախագահը։

Նշենք, որ Փաշինյանն անգամ միջազգային հարթակներից հայտարարում է,  որ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում և հորդորում արցախցիներին իրենց միջից հանել «պանդուխտի հոգեբանությունը»։

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Ապրիլյան պատերազմի մեկնարկի տարելիցն է. Արցախի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննեսն ու այլք այցելել են Եռաբլուր

Տեսանյութն՝ ԱրմենիաSputnik–ի․ կադրերում երևում է, որ նրանք ծաղկեպսակ են դնում և ծաղիկներ խոնարհում զոհված հերոսներին հիշատակին...

***

«Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ՝ պաշտպանելու քո ձեռքբերումները, խաղաղությունը, քա հայրենակիցների իրավունքը՝ ապա հաղթանակը երաշխավորված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այս իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները՝ թեկուզ այն, ինչը գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ և համեմատել, տեսնել թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է՝ Արցախյան շարժում այլևս չկա, այն պարտություն էր Հայաստանի համար և թոկ էր, որը պետք էր կտրել, որ մենք ունենաք անկախություն։ Իրենց օրոք Արցախն Ադրբեջանի ներքո է, բայց անկախություն մենք չունենք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ «Արցախի մեր հայրենակիցներչը ենթարկվել են էթնիկ զտման, որը ցեղասպանության դրսևորում է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման, արցախցիների վերադարձի իրավունքի դեմ՝ նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Ալիևի և Փաշինյանի շահերը հերթական անգամ համընկնում են»,- հավելեց Խաչատրյանը։

***

«Քառօրյա պատերազմի ամենամեծ խորհուրդը այն կազմակերպվածությունն էր, որ ամբողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց, ղեկավարից մինչև սովորական քաղաքացին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ի տարբերություն 44-օրյայի, որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց: Ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է, և դրա համար ունեցանք արդյունք»,- ընդգծել է նա և նշել, որ հենց կազմակերպվածության արդյունքում էլ թշնամին 4 օր հետո ստիպված եղավ զինադադար խնդրելու նախաձեռնությամբ հանդես գալ: «Առաջին ժամերին որևէ ղեկավար չէր նստում ստատուս գրում ֆեյսբուքներով, ինչ-որ կամավորության կոչեր անում: Ամեն մեկը իր գործն էր անում»,- հավելել է նա:

***

«Ես զարմանում եմ, իհարկե, բայց ի՞նչ զարմանանք, որ այս ամեն ինչը մեր աչքի առաջ է եղել։ Ինչո՞ւ պետք է մեր վերաբերմունքը Արցախի հարցի վերաբերյալ պայմանավորվի ինչ որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կատարած այն հայտարարությանը, որ մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն։ «Վաղն էլ որ ասեն՝ Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ պիտի ասի՝ լավ, որ դուք ասում եք, ուրեմն՝ վե՞րջ, այդպե՞ս պետք է լինի։ Դա մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք՝ անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետություններ ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more