▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է խելագարությունից փրկել առողջ մարդուն, ապա՝ բացառել նախադեպը. Արփի Ոսկանյան

Հոգեբուժարանում հարկադիր բուժման տարված Ամալյա Նազարեթյանի պատմությունը մեծ արձագանք գտավ հասարակության կողմից:Մի խումբ քաղաքացիներ «Facebook»-ում ստեղծեցին «Իդեալ» խանութների ցանցը եւ «Կոմիտաս» սրճարանը բոյկոտողների խումբ: Կազմակերպվեցին բողոքի ակցիաներ և այլն: Օրերս Ամալյա Նազարեթյանին հարկադիր բուժումից ազատել են, մի քանի ամիս ոստիկանների հսկողության տակ գտնվելու պայմանով: Նախաձեռնող խմբի անդամ, գրող Արփի Ոսկանյանը նշում է, որ սա հաղթանակ չի համարում, այլ նման երևույթների դեմ հասարական կամքի դրսևորման մեկնարկ:  

ASEKOSE.am-ը  դեպքի վերաբերյալ զրուցել է  նախաձեռնության անդամ, գրող Արփի Ոսկանյանի հետ: 

- Ինչո՞ւ և ինչպե՞ս նախաձեռնեցիք Ամալյա Նազարեթյանի պաշտպանությունը:

- Ակցիան նախաձեռնողը մի խումբ ՀՀ քաղաքացիներ էին, որոնցից յուրաքանչյուրին այս դեպքը ցնցել էր իր հրեշավորությամբ։ Կնոջը հոգեբուժարան գցողները առաջնորդվել էին ամենաստոր մոտիվներով՝ տուրք տալով մեր հասարակության մեջ կենսունակ մտայնությանը, թե ընտանիքն է մարդու ամրոցը և ընտանիք, երեխաներ չունեցող մարդը անտեր է ու նրա հետ կարելի է վարվել ուզածի պես։ Սակայն նրանք թերագնահատել էին այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր հասարակության մեջ համաժողովրդական շարժման, քաղաքացիական շարժումների և համացանցի տարածման շնորհիվ։ Փող և իշխանություն ունեցող յուրաքանչյուրը, ով կցանկանա իր հնարավորությունները օգտագործելով հաշվեհարդար տեսնելու համար այդ հնարավորություններից զրկված մարդկանց հետ, պիտի հաշվի նստի փաստի հետ, որ նույնիսկ «ամենաանտեր» թվացող մարդու թիկունքում կա հասարակություն։ Մենք ունեինք երկու շարժառիթ՝ ալտրուիստական և էգոիստական. նախ՝ խելագարությունից փրկել առողջ մարդուն, որի համար ընտրված էր հրեշավոր պատիժ, երկրորդ՝ բացառել նախադեպը, որպեսզի նույնը մի գեղեցիկ օր չկրկնվի մեզ հետ, մեր ծնողների ու մեր երեխաների հետ։

-Դուք Ամալյա նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելը հաշվեհարդա՞ր եք համարում: Եթե այո, ապա ո՞ւմ կողմից էր դա հաշվեհարդար և ինչու հենց Ամալյա Նազարեթյանի նկատմամբ:

-Իհարկե, հաշվեհարդար էր։ Հաշվեհարդար էր այն մարդկանց կողմից, ում հետ տիկին Ամալյան շուրջ յոթ տարի կոնֆլիկտային հարաբերություններ ուներ։ Ավելի ստույգ՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանի և նրա եղբոր՝ Անդարնիկի կողմից։ Նրանց էր պատկանում անմիջապես Ամալյայի տան տակ գտնվող  «Իդեալ» խանութին տրված տարածքը, որը նրանք «առաջ էին տվել» մի քանի մետրով՝ գրավելով փողոցի կեսը և հետագայում այդ կցակառույցի տանիքը օգտագործելու գայթակղությամբ կորզելով բնակիչների համաձայնությունն ու հետագայում խաբելով նրանց, ինչպես նաև «Կոմիտաս»  սրճարանը, որը գրավե էր այգու ամբողջ տարածքը և հիմա արդեն մետաստազեր էր տվել մայթի ուղղությամբ։ Տիկին Ամալյայի հետ վերջին բախումը մայթի գրավման առիթով էր եղել։ Նա ասել էր սրճարանատիրոջը՝ ես չեմ ուզում գալ քո սրճարանը, ես ուզում եմ գալ այգի, չեմ ուզում անցնել քո սրճարանի մոտով, սա հանրային տարածք է։ Այսինքն՝ կինն իրեն պահել էր այնպես, ինչպես պիտի պահե մեր հասարակության ցանկացած անդամ, բայց մեր հասարակությունը իմունազուրկ է և իրեն հոշոտող միկրոբների դեմ չի պայքարում, մինչև հիվանդությունը լուրջ ծավալներ չի ընդունում, մինչև հիվանդությունը չի լրջանում։

-Հանդիպե՞լ էիք նման նախադեպերի:

-Անկախ Հայաստանում հոգեբուժարանը որպես պատժի միջոծ կիրառվել էր միայն քաղաքական նպատակներով և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Ինձ հայտնի են երկու դեպք. մեկը կապված Վարդգս Գասպարիի հետ, մյուսը՝ Երվանդ Կարապետյանի, որը ակցիա էր արե Հ1-ի մոտ։ Բայց դրանք չէին եղել այսքան երկարատև, և այդ մարդկանց հոգեկան հիվանդություն վերագրելու փորձը ձախողվել էր։ Տիկին Ամալյայի դեպքը, երբ հաշվեհարդարի այդ ձևը կիրառվում է չքաղաքականացված անհատի նկատմամբ, որին հաջողում են պահել այդ հաստատությունում այդքան երկար՝ 24 օր, և դուրս գրում պայմանով, որ նա մի քանի ամիս գտնվելու է բժիշկների հսկողության ներքո, խոսում է վատ դինամիկայի մասին, այս ախտը պրոգրես է ապրում և դրա դեմը պետք է առնել։

Հետևաբար մենք չենք կարող ասել, թե հասել ենք հաջողության, քանի դեռ առողջ մարդուն հոգեբուժարան տեղափոխած մարդիկ՝ պատգամավորը, նրա եղբայրը, նրա աշխատողները, որոնց ստորագրությամբ էր հնարավոր եղել իրագործել այս հրեշավոր հանցագործությունը, դատավորը, որը կայացրել էր հարկադիր բուժման մասին վճիռ, հոգեբուժարանի տնօրենն ու գլխավո բժիշկը չեն ենթարկվել պատասխանատվության և շարունակում են մնալ իրենց պաշտոններին։

- Այժմ Ամալյա Նազարեթյանն ի՞նչ վիճակում է և արդյոք նրան կրկին չի սպառնում հոգեբուժարանը, կամ հաշվեհարդարի այլ տեսակ:

Մեր խմբի անդամները փորձել են կապվել Ամալյա Նազարեթյանի հետ, բայց դա հնարավոր չի եղել։ Նրանք խոսել  են Ամալյայի քրոջ հետ, ում տանը հիմա մնում է նա։ Բայց չի հաջողվել իմանալ, թե ինչ է ծրագրում տիկին Ամալյան, պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել դատարան, թե՞ ոչ։ Մենք ստիպված ենք բավարարվել այն տեղեկություններով, որ տալիս է մամուլը, այսինքն՝ որ նա պատրաստվում է վաճառել տունը և տեղափոխվել այլ թաղամաս։ Սա, իհարկե, հաղթանակ անվանել չի կարելի։ Ամեն դեպքում, եթե նա որոշի մտնել դատական գործընթացի մեջ, մեր խումբը և բազմաթիվ այլ մարդիկ նրան սիրով կսատարեն ու կաջակցեն։

Հարցազրույցը՝ Նանե Բագրատունու 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more