▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոսյան. Մինասյանի՝ հավաքականը գլխավորելու դադարն անհրաժեշտ էր

footballcity.am: Հայ ֆուտբոլասեր հանրությունը շարունակում է մտորել կարևորագույն հարցի շուրջ. Ո՞վ է լինելու Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը… Այս թեմայի շուրջ զրուցեցինք հայտնի ֆուտբոլային վերլուծաբան, առաջատար սպորտային պորտալ Championat.com-ի լուրերի բաժնի տնօրեն Նիկոլայ Պետրոսյանի հետ:

-Որպես ԱՊՀ տարածքի առաջատար սպորտային պորտալ Championat.com-ի լուրերի բաժնի տնօրեն, ըստ Ձեզ՝ հայ կամ արտերկրացի մարզիչներից ո՞վ է համապատասխան մեր հավաքականին:

-Հայաստանում արժանի թեկնածություն չեմ տեսնում: Գուցե լավ չեմ տեղեկացված, սակայն կարծում եմ՝ հավաքականի մարզչի պետք է որոնել արտերկրում: Բարեբախտաբար կան հայազգի մասնագետներ, որոնք ըստ պատշաճի կկարողանան աշխատել ընտրանու հետ: Մամուլում արդեն շրջանառվում են Սերխիո Մարգարյանի, Միշել Տեր-Զաքարյանի, Յուրի Ջորկայեֆի անունները, սակայն իմ կարծիքով արժե ուշադրություն դարձնել Ալեն Բոգոսյանի թեկնածության վրա. Նա ունի հարուստ ֆուտբոլային փորձ և ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է Ֆրանսիայի ընտրանու մարզչական շտաբում. Սա նույնպես կարևոր է: Համամիտ եմ՝ նա գլխավոր մարզչի փորձ չունի, սակայն չմոռանանք, որ Վարդան Մինասյանն էլ երկար ժամանակ ազգայինի 2-րդ մարզչի պաշտոնում է աշխատել:

-Պատկերացնենք Բոգոսյանը գլխավորեց մեր հավաքականը, ի՞նչ եք կարծում սկզնական շրջանում անկում կլինի՞:

-Անկում, ըստ իս, կարող է լինել ցանկացած այլ թեկնածուի գլխավորման դեպքում, քանի որ կադրային յուրաքանչյուր փոփոխություն իր հետ նորանոր դժվարություններ է բերում և կապված է որոշակի ռիսկի հետ: Սակայն Ֆրանսիայի հավաքականում աշխատանքային փորձ ունեցող մասնագետի ղեկավարությամբ անկումը կարող է ավելի փոքր լինել, քան օրինակ՝ ղեկը վստահվի Սիսիան քաղաքի 2-րդ մարզաբազայի առաջատար մարզչին:

-Իսկ Միշել Տեր-Զաքարյանի և Սերխիո Մարգարյանի թեկնածությունների մասին ի՞նչ կասեք:

-Միշել Տեր-Զաքարյանը հիացնում է իր աշխատանքի արդյունքներով: հենց այդ պատճառով նրան Նանտի ղեկավարությունն ազատ չի արձակի: Համենայն դեպս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի տեղի ունենա, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը բաց թողնի մի մարզչի, որի ղեկավարությամբ թիմն այսքան հաջող է հանդես գալիս: Ինչ վերաբերում է Սերխիո Մարգարյանին, ապա ինձ թվում է, թե ՀՖՖ-ի ղեկավարության համար այս թեկնածությունը փակվել է մի քանի տարի առաջ:

-Բուլղարիայի հետ խաղից հետո դուք կարծիք հայտնեցիք՝ նշելով, որ հավաքական չպետք է հրավիրվեն Ռուսաստանի առաջնության երկրորդական ֆուտբոլիստները: Ինչպես նաև խոսեցիք Մխիթարյանի և Մինասյանի մասին: Չեք փոխել արդյո՞ք Ձեր կարծիքը:

-Այդ առումով նշեմ, որ դա գրել եմ էմոցիոնալ ֆոնի վրա և փոքր-ինչ կտրուկ եմ արտահայտվել, սակայն կարծիքս էապես չեմ փոխել: Զգացվում էր, որ Մինասյանը և թիմը մի փոքր ձանձրացել են միմյանցից: Համոզված եմ, որ մեծ փորձ ձեռք բերելուց հետո Մինասյանը կրկին կարող է գլխավորել հավաքականը և ավելի նշանակալի արդյունքների հասնել: Հավաքականի հետ աշխատելու դադարն այս պարագայում անհրաժեշտ էր…

Աշխատասիրության եւ նվիրվածության առումով Մխիթարյանն եղել եւ մնում է օրինակելի ֆուտբոլիստ, բայց նրա հետագա զարգացման համար չափազանց կարևոր է, որպեսզի Հենրիխին չդարձնեն ազգային ֆուտբոլի միակ աստղը: Այլ խոսքերով, չեմ ցանկանում, որպեսզի հանրության ընկալման մեջ նա կրկնի իրենց հայրենիքում Շեւչենկոյի, Գիգզի կամ Ռոբի Քինի ճակատագիրը:Նրանցից յուրաքանչյուրն երկար ժամանակ հանդիսանում էր իր ոչ ուժեղ հավաքականի միակ աստղը եւ միայն կարիերայի ավարտական փուլում գիտակցեց, որ իր վարպետությունը եւ ավելի բարձր մակարդակի ակումբում հանդես գալը ոչ այնքան արտոնություն է, որքան սեփական հավաքականի նկատմամբ ավելի բարձր պատասխանատվություն: Որքան արագ Հենրիխը «ամենաշնորհալի աստղի» կարգավիճակից կանցնի «իրական եւ անվիճելի առաջատարի» կարգավիճակի, այնքան մեծ կլինի հավաքականի ներուժը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա համոզված եմ, որ ՌԴ-ում ֆուտբոլիստներն առհասարակ չեն զարգանում: Սա առանձին մեծ ու խորը նյութի թեմա է. Փաստը մնում է փաստ, որ սեփական ակումբում խաղային պրակտիկա չունեցով ֆուտբոլիստը չպետք է հավաքական հրավիրվի

-Եվ վերջում ի՞նչ կասեք Աբրահամ Խաշմանյանի՝ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:

-Խաշմանյանի կոլեգաներից միմիայն լավն եմ լսել իր մասին: Ցավոք ինքս Հայաստանի առաջնությանը հետևելու հնարավորություն չունեմ, բայց փոխարենը հիշում եմ Խաշմանյանի խաղը Արարատի կազմում: Հուսով եմ, որ նա՝ որպես մարզիչ էլ մեծ օգուտ կբերի հայկական ֆուտբոլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more