▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները բարոյապես ոչնչացնում ու խայտառակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը չկատարած, իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին:

Դեռ դեկտեմբերի 4-ի իր ճեպազրույցում ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը սկանդալային հայտարարություն էր արել, որ իր անձնական դաշտում գտնվող նյութերից, նամակագրություններից հայտնվել էին վարչությունում եւ վարչապետի մոտ, ինչը, ՔՊ-ականների խոսքով, շոկի մեջ է գցել իրենց ու անգամ ամաչում են խոսել այդ մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը հանել են քննիչի կողմից առգրավված հեռախոսի միջից, տպել են «Ֆեյսբուք»-ի messenger-ի ՍՄՍ-ները:

Ստացվում է, իրավապահները մուտք են գործել պատգամավորի messenger, հանել նրա նամակագրությունները, անգամ ջնջված նամակներն են վերականգնել, տպել են դրանք թղթի վրա եւ տվել Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ նախ հրապարակվել է վարչության դռնփակ նիստին, ապա նույն նամակագրությունը վարչության նիստի հաջոդ օրը բաժանվել է նաեւ խմբակցության պատգամավորներին։

ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ` անգամ կանայք, չեն զլացել, նստել ու կարդացել են իրենց գործընկերոջ նամակագրությունը, որտեղ սեռական բնույթի ինտիմ խոսակցություններ են հիմնականում եղել։

Այս ամենը հետագայում քննարկումների առիթ է դարձել նաեւ ՔՊ-ում, թե ինչու են կին պատգամավորներին թույլ տվել նման բնույթի, հայհոյախառն արտահայտություններով լի նամակներ կարդալ, մի բան էլ քննարկել դրանք:

Կարելի է ասել՝ ՔՊ-ականները ներխուժել են Նիկոլ Փաշինյանի խոսքին դեմ գնացած Հովիկ Աղազարյանի անկողին ու հանրայնացրել նրա անձնական կյանքը:

«Ժողովուրդ»-ը ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են ձեռնարկվում պատգամավորի անձնական տվյալների իրավունքի խախտման վերաբերյալ, վերջինս ասաց, որ գործին կարող են ընթացք տալ այն դեպքում, երբ տվյալ անձը դիմի անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ իր իրավունքների խախտման դեպքով։ Հովիկ Աղազարյանից, սակայն, դիմում չեն ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more