«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր:
Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց:
Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված:
«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը:
Հավելենք նաեւ, որ վաղվանից խորհրդարանը կգնա արձակուրդ, կվերադառնա՝ աշնանը։