▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին խառնում է իշխող ուժի խաղաքարտերը

Հետընտրական Հայաստանում ամեն անգամ մի նոր իրավիճակ է ստեղծվում, որը մշտապես սպասում է հանգուցալուծման իր տարբերակին: Այս անգամվա հետընտրական իրողությունների առանձնահատկությունը նաև իր անսպասելիության մեջ էր: Բոլոր կողմերի` և իշխանության, և ընդդիմության, նաև հիմնական խաղացողի` ժողովրդի համար:

Ընդդիմադիր հիմնական ուժերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին, այն է` Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը և Հայ հեղափոխական դաշնակցությունը: Նման պարագայում իշխանությունն իր համար նախատեսեց հեշտ հաղթանակ: Առավել քան հեշտ: Ուստի ընտրություններում իր հաղթանակն ապահովելու գործին չնետեց ողջ ուժերը: Ոչ ոք չի ժխտի, որ իշխող կուսակցության ջանքերն այս անգամ նույնը չէին, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էին, երբ «կենաց-մահու» պայքար էր մղում տառացիորեն ամիսներ առաջ: Հետևաբար և ներկա ընտրությունների պատկերն այսպիսին չէր լինի, եթե իշխանական ուժերն արսենալից հանեին և օգտագործեին իրենց ողջ զենքերը (Տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, թե դրանք թույլատրելի են, թե՝ ոչ, օրինական են, թե՝ ոչ):

Ինչ վերաբերում է ընտրություններում իր հաղթանակը տոնող «Ժառանգություն» կուսակցությանը, ապա, ըստ ամենայնի, ընտրողների հիմնական քվեի տերը լինելու հանգամանքը դժվար թե հաշվարկած լինեին, երբ մտնում էին քաղաքական պայքարի մեջ: Համենայն դեպս, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շրջանում ասուլիսներ էր տալիս, նրա խոսքի մեջ չկար անվերապահ վստահություն, փոքր-ինչ համեստ էին կանխատեսումները:

Իսկ ժողովուրդն, իրոք, այս անգամ դարձավ քաղաքական գործոն: Գուցե և` ակամա: Մարդիկ գնացին ընտրատեղամասեր ու, գուցեև միմյանցից անկախ ու միմյանցից անտեղյակ, իրենց ձայնը տվեցին ընդդիմադիր թեկնածուին: Եվ երբ փակվեցին ընտրատեղամասերն ու արդյունքները երևան եկան, հանրությունը մի պահ անակնկալի եկավ, մարդիկ զարմացան, թե ինչպե՞ս ո՛չ նպատակադրված, առանց բարձրաձայն պայմանավորվածությունների ու հրապարակավ արված հայտարարությունների, հանդես են եկել միասնաբար ու խփել են նույն նշանակետին:

Կկարողանա՞

Հիմա մի հարց. արդյո՞ք իշխանությունները պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են քաղաքական այն գործընթացներին, որ տեղի են ունենում մեր երկրում, որպես հետընտրական իրադարձություններ: Քանզի հիմնական գործող անձի` իրեն ընտրված նախագահ համարող Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ևս տարբերվում են մեր երկրում հետընտրական այլ շրջաններում եղած գործողություններից: Ի վերջո մենք սովոր ենք եղել հետընտրական միևնույն սցենարին. բողոքավոր զանգվածը լցվում է հրապարակ, հնչում են ագրեսիվ կոչեր, տեղի է ունենում ագրեսիվ տրամադրությունների պարպում կամ հե՛նց հրապարակում, կամ էլ այդ պարպումը կատարվում է այնպես, ինչպես եղավ նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ:

Այս անգամ կարծես այլ է. նախ` Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած, իշխանություններին «բռնվելու» տեղ չի թողնում, որ իրենց միջոցներն օգտագործեն` ուժային մեթոդներով հակազդեն ժողովրդական շարժմանը, ինչպես եղել է մինչ օրս, ասենք` 2003-ի սեպտեմբերի 26-ին, 2008-ի մարտի 1-ին:

Րաֆֆին եկել է սիրո կարգախոսով ու փորձում է կատարել բարևի հեղափոխություն: Ու հենց այստեղ է, որ խառնվում է իշխող ուժի խաղաքարտերը: Անշուշտ, վերջինիս համար շատ ավելի հեշտ կլիներ հակադարձել ատելության, սպառնալիքի, ընդհանրապես ագրեսիայի ներուժ պարունակող քաղաքական զարգացումներին, քան եթե հակառակորդն իր քայլերն աներ բարյացակամ ժպիտով, ըմբռնումի խոսքերով, որոնք հաճախ հասցեագրված են լինում հենց իրենց կամ իրենց լիդերին: Ավելին. կարծես Րաֆֆին նաև ուժային կառույցների ներկայացուցիչների վրա է «բացասաբար» ազդում. անձամբ է կանգնում ոստիկանության ու ժողովրդի միջև և առաջարկում` եթե օրենք է խախտվել, ապա պատասխան կտա ինքը, թող տույժի ենթարկեն անձամբ իրեն: Հիշենք, այն «ա-մոթ»-ների շարանը, որ նախորդ շրջաններում բողոքավոր զանգվածը հնչեցնում էր ոստիկանների հասցեին: Րաֆֆու պարագայում ոստիկաններն էլ են մեզանից, մեր ժողովրդի զավակներն են, ովքեր գտնվում են հավատարիմ ծառայության մեջ: Այնպիսին են, ինչպես ինքն է ասում` մեր հպարտության աղբյուր զինվորներն են:

Իշխանությունը, քանի դեռ ընթանում էր հանրահավաքային պայքար, թեկուզ նաև` մարզերում, վստահ էր, որ ինչպես նախկիններում, այս անգամ էլ մարդկանց խմբերը կնվազեն, ու կամաց-կամաց հրապարակային պայքարը կմաշվի-կվերանա:

Բայց..., բայց այստեղ էլ Րաֆֆին մոլորեցրեց իշխանությանը ու խառնեց նրա հաշիվները: Նա չսպասեց, որ հրապարակում հավաքվող մարդկանց շարքերը նոսրանան: Մինչ դա տեղի կունենար, կատարեց իր հաջորդ, կրկին իշխանությունների համար անակնկալ քայլը` տեղավորվեց Ազատության հրապարակում ու հայտարարեց հացադուլ:

Սա երևի իշխանության համար ամենաանցանկալի տարբերական էր: Առավել ևս որ հնչել է խոսքը` Սերժ Սարգսյանն իմ դիակի վրայով նախագահ կդառնա: Միաժամանակ խոսվում է այն հզոր հանրահավաքի մասին, որ նախատեսում են կազմակերպել նախագահի երդմնակալության օրը` ապրիլի 9-ին:

Համենայն դեպս անզեն աչքով էլ է նկատելի, որ իշխանությունը պատրաստ չէր նման զարգացումի: Անհավասարակշիռ շարժումներ է անում իշխող քաղաքական ուժը, նաև նյարդային խոսակցություններ է բացում, որոնք հաճախ հակասում են իրար: Մեկը` (Հերմինե Նաղդալյան) հայտարարում է, որ տեխնիկապես անգամ հնարավոր չէ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպի Ազատության հրապարակում, մեկ ուրիշը (Հովհաննես Սահակյան) չի բացառում և հնարավոր է համարում այդ հանդիպումը:

Սա ակներևաբար մի բան է ցույց տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քանդում է իշխանությունների գծած հետընտրական սցենարը: Որ մշտապես կացնային լուծումների սովոր իշխանություններից այսօր արդեն պահանջվում է ճկունություն, մանիպուլյատիվ տարատեսակ քայլեր: Նա կկարողանա՞ տիրապետել դրանց: Եվ, ընդհանրապես, եթե ընդունի ընդդիմության առաջարկած խաղի կանոնները, կկարողանա՞ ապահովել իր անվերապահ հաղթանակը, որին սովոր է մինչ օրս: Թե՞ ստիպված կլինի մտնել իրեն անծանոթ մացառների մեջ ու մոլորվել կեսճանապարհին:

 

Խաչմերուկ

Ընտրությունների արդյունքները վիճարկվում են սահմանադրական դատարանում: Հայցով հանդես են եկել նախագահի երկու նախկին թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Անշուշտ, առաջին անգամը չէ, և ամենքն էլ գիտեն, որ Սահմանադրական դատարանը այլ որոշում չի կայացնի, որը կտարբերվի իշխանության տեսակետից: Վստահաբար այդ մասին տեղյակ են նաև հայցվորները: Այնուամենայնիվ, տեղյակ լինելով հանդերձ, դիմեցին: Սա ի՞նչ է, եթե ոչ իշխանությանը կրկին հրահրելու փորձ, որպեսզի բացվի իր ողջ «տեսակով»: Դա նաև այնքան ակնհայտ էր Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում, քանի որ նա չսպասեց մինչև երկրի գերագույն իրավական ատյանը իր որոշումը կկայացներ, որպեսզի նոր դիմեր իր հաջորդ քայլին` հացադուլին:

Հիմա ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները, բոլորը մեկ մարդ դարձած, քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա, այնուամենայնիվ, չպետք է գնար հացադուլի ճանապարհով, քանի դեռ կային իրավական ճանապարհով խնդիրը լուծելու տարբերակներ: Այս ագամ, կարծես իրենք էլ չպատկերացնելով, խոստովանում են նույնը. Րաֆֆու պայքարը դուրս է գալիս իրենց պատկերացրած և իրենց գիտեցած սահմաններից ու այլ բնույթ է ձեռք բերում: Վրդովվում են, քանզի քանդվում է իրենց սցենարը: Հետևաբար դժվարանում է և իրենց գործը: Այն դեպքում, երբ անտրամաբանական, եթե չասենք, անհեթեթ է տվյալ «մեղադրանքն» իսկ: Պայքարի դուրս եկած յուրաքանչյուր ուժ կամ անհատ ինքն է որոշում իր ռազմավարությունն ու մարտավարությունը, ինքն է ընտրում պայքարի իր գործիքները, նաև` թե քայլերն ինչպես են հաջորդելու իրար: Այնպես որ Րաֆֆին գիտի իր անելիքը:

Եթե լայն հայացք ձգելու լինենք այս իրողություններին, մի բան ակնհայտ կդառնա. մեր իշխանությունների զինանոցը դատարկ է, մեր իշխանությունները գիտեն մի բան միայն. օգտագործել կացին: Եվ դա` ցանկացած հարաբերությունների մեջ, ցանկացած հարց կարգավորելիս: Նույնն է թե` խոսել բիրտ ուժի դիրքերից: Մոտավորապես նույն սկզբունքով` ուժն է ծնում իրավունք (Որոշ մակերեսային ընթերցողներ այս արտահայտությունը վերագրում են Նժդեհին, որը բոլորովին հեռու է իրականությունից: Եվ ընդհանրապես դեմ է մեծ զորավար-մտածողի դավանած հոգևոր-բարոյական արժեքներից):

Եվ այս ամենից ծագում է հետևյալ հարցը. ո՞ր խաչմերուկում կհանդիպեն ֆիզիկական ուժը գերակա դիտող և սիրո, բարության սկզբունքների առաջնայնությունը դավանող սուբյեկտները: Որտե՞ղ կխաչաձևվեն նրանց սրերը:

Այս պատասխանը շատ բան կասի մեզ. դրանից պարզ կդառնա, թե քաղաքական-հասարակական մեր հարաբերությունների մեջ ինչպիսի՞ նոր որակներ կներառվեն: Կամ կներառվե՞ն արդյոք: Քանզի դրանով է նաև պայմանավորվելու, թե հոգևոր-բարոյական ինչպիսի՞ սկզբունքների վրա կկառուցվի մեր պետական համակարգը և հասարակական-քաղաքական հետագա կյանքն ընդհանրապես:

 

Հեղինակ` Գոհար Սարդարյան

Աղբյուրը` «Հայացք» թերթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more