▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սաունայի առեղծվածը».«Ժողովուրդ»

Նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառում տեղի ունեցավ, որն ունեցավ «ավանդական» վերջաբան: Ուսանողների տոնը նշելու նպատակով համալիրի դահլիճն իր հովանու տակ էր վերցրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի տնօրենը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է, իսկ, ահա, հոգաբարձուների խորհրդի համակարգողը ՀՀ ԱԺ պատգամավոր, ընդմիշտ երիտասարդ, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Առաջին հայացքից կարծես թե որեւէ արտառոց բան չկա, սակայն հաշվի առնելով տեղի ունեցած եւ մինչ այդ կատարված դեպքերը՝ տպավորությունն այնպիսին է, որ միջոցառման կազմակերպիչները որտեղ հայտնվում են, բոցկլտում է տարածքը: Համերգը չավարտված՝ մարդկանց տարհանել էին տարածքից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել ժամը 22.44-ին: Ավելի ուշ պարզվել էր, որ հրդեհն առաջացել էր շենքում գործող շոգեբաղնիքի պատճառով:

Ի՞նչը կարող էր լինել հրդեհի պատճառը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արտակագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ նշանակվել է փորձաքննություն. «Շոգեբաղնիքն է այրվել, իսկ թե հրդեհը ինչից է առաջացել՝ հոսանքից թե ծխախոտից, կպարզվի միայն փորձաքննությունից հետո»:

Երգիչները մկաններն էին թուլացնո՞ւմ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ համալիրում շոգեբաղնիքը կառուցվել է մարզիկների համար եւ բաց է լինում միայն մրցումների ժամանակ. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների ժամանակ է բացվում, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին: Այստեղից եզրակացություն՝ սաունան դարձրել են բորդել»:

Ըստ Կորյուն Գրիգորյանի` նշված ժամին գնացել է համալիր, սակայն իրեն թույլ չեն տվել բարձրանալ եւ տեսնել, թե ինչ է կատարվում, ավելին՝ անգամ հավաքարարներին թույլ չեն տալիս այնտեղ բարձրանալ, որն էլ նրան ենթադրել է տալիս, որ շոգեբաղնիքից բացի այլ սենյակներ եւս վնասվել են, ինչը փորձում են թաքցնել: Ըստ մեր զրուցակցի՝ պաշտպանության նախարարությանը պատկանում են միայն մարզահամերգային համալիրի պատերը: Համալիրում կա 12 կազմակերպությունների եւ անհատների գույք, որոնք իրենց թույլտվությունը չեն տվել, որ գույքն օգտագործվի ՊՆ-ի կողմից: Իսկ ՊՆ-ն դեռ չի կողմնորոշվում ինչ պատասխանել:

 

Շարունակությունը  և ուշագրավ  այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more