▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի Թաղում անչափահասների դանակահարության գործով առաջադրվել են մեղադրանքներ

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ. 1 անչափահաս մահացել է, ևս 5-ը՝ ստացել տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի  մասնակիցների շրջանակը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ ի թիվս այլ անձանց՝ նշված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Սարի Թաղի բնակիչներ՝ Պետրոսյան եղբայրները (ծնված 1990, 1991 թթ.)։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրտսեր եղբայրը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է անչափահաս Ա.Բարսեղյանի սրտի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ կրծքավանդակի առաջային մակերեսի վնասվածք, ապա հարվածել նաև մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսին։ Ա.Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկրորդ անչափահասի կյանքը,  բժշկական կենտրոնում պատշաճ ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում, հաջողվել է փրկել։

Քննությամբ պարզվել է նաև եղբայրներից երկրորդի գործողությունների շրջանակը։ Նախնական քննության տվյալներով՝ ավագ եղբայրը սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսին, ևս երկու հոգու մարմնական վնասվածքներ պատճառել՝ գոտկա-սրբանային հատվածին և ձախ ազդրին։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեղադրյալների մասնակցությամբ այսօր կատարվել է քննչական փորձարարություն:

Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ քննչական փորձարարությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more