▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ-ի Արտակին «քցել» են. «Ժողովուրդ»

Ով կմտածեր, որ Հայաստանում ՀՀԿ-ական օլիգարխին ինչ-որ մարդիկ կարող են «քցել», բայց պարզվում է՝ նման բան հնարավոր է: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով ստանալ իր գումարները, սական առաժմ՝ ապարդյուն: Արտակ Սարգսյանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում է գանձել 2 միլիոն 200 հազար դրամ: Իսկ մեկ այլ` «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ից էլ պատգամավորի «ՍԱՍ գրուպը» ցանկանում է դատարանի միջոցով ստանալ 769 հազար դրամ: Նշենք, որ երկրորդ ընկերությունը «ՍԱՍ գրուպից» ապրանք է պատվիրել եւ «թռել»: Այժմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ին փնտրում եւ չեն գտնում, քանի որ ընկերության եւ նրա տնօրինության գտնվելու վայրն անհայտ է: Այնպես որ՝ Հայաստանում միայն հանրապետականները չէ, որ «քցում» են, կան մարդիկ, ովքեր հանրապետականներին են «քցում»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Հոդվածն` ամբողջությամբ, կարող եք կարդալ նաւ ստորև. 4

ՍԱՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ 6.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՀԱՅՑԵՐԸ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպը հայտնվել է դատարանում: Երկու ընկերություններ «քցել» են «Սասի Արտակ» մականունով հայտնի գործարարին, եւ վերջինս ավելի քան 6.000 դոլարը ետ ստանալու համար ընկել է դատարանի դռները:

 

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. սեպտեմբերի 18-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ապիկոլա» ՍՊԸ-ի: Այս ընկերությունը շուրջօրյա դեղատուն է աշխատեցրել Իսահակյան փողոցում գտնվող ՍԱՍ սուպերմարկետի շենքում եւ գումարը չի տվել: Հիմա պատգամավորին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը պահանջում է դատարանի միջոցով «Ապիկոլա» ՍՊԸ-ից գանձել շուրջ 2 միլիոն 200 հազար դրամ: Ավելին՝ սեպտեմբերի 29-ին ՍԱՍ-ը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի շուրջօրյա դեղատան գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է մասնակի` արգելանք դնելով միայն գույքի վրա:

«Ժողովուրդ»-ը նախ ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել «Ապիկոլա» շուրջօրյա դեղատուն ՍՊԸ-ի տնօրենի հետ, սակայն մեր ջանքերը՝ ընկերության որեւէ ներկայացուցչի գտնելու ուղղությամբ, ապարդյուն անցան:

Իսկ, ահա, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ-ի իրավաբան Գոհար Գեւորգյանն ասաց, որ «Ապիկոլա» ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել. «Բնականաբար պարտք է գոյացել, եւ մենք հայց ենք ներկայացրել դատարան: Ընկերությունից ինչ կոնտակտային տվյալներ կան, չեն գործում, չենք կարողացել իրենց հետ կապվել:  Դիմել ենք դատարան, որ գտնենք»:

Բայց պարզվում է՝ սա միակ ընկերությունը չէ, որ խնդրի առաջ է կանգնեցրել Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին, որը նախկինում կարկառուն ՕԵԿ-ական էր, հետո անդամագրվեց Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությանը» ու տեսնելով, որ «բան դուրս չի գալիս», հանգրվանեց ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպը» դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի: «ՍԱՍ գրուպ»-ի իրավաբան Գոհար Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ.«Այս ընկերությունը կոնկրետ մեզանից առաքում է պատվիրել եւ հաշիվ ապրանքագրերը դուրս գրելուց հետո դրամական պարտավորությունները չի կատարել»: Ու ինչպես նախորդ ընկերության, այնպես էլ այս դեպքում, ՍԱՍ-ի «գործընկերը» կորել է: 

Գ. Գեւորգյանի խոսքերով՝ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի գտնվելու վայրն անհայտ է. «Դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով ենք փորձել գտնել, բայց տեղեկություններ չունենք»: Տեղեկացնենք, որ պատգամավորին այս ընկերությունը «քցել» է 769. հազար 423 դրամ: Ու հիմա այն ետ ստանալու համար 2013-ի դրությամբ 1 մլրդ 180 մլն դրամ եւ 194 հազար ԱՄՆ դոլար կարողություն ունեցող պատգամավորը դիմել է դատարան՝ գումարը ստանալու համար: Նշենք, որ ՍԱՍ-ի հայցի հիման վրա դատավոր Ալվար Հունանյանը «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել: Սակայն նույնիսկ այդ դեպքում տերերը չեն հայտնվում:

Նշենք, որ 6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ հայցադիմում ներկայացրած ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանը լուրջ կարողություն ունի՝ 4 բնակարան, 5 ավտոմեքենա եւ 4 ընկերության բաժնեմաս: Հավելենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանի մեկ տարվա եկամուտը կազմում է 217 մլն 930 հազար դրամ, որից միայն ընդամենը 3 մլն դրամն է, որ նա վաստակել է ԱԺ պատգամավորի համեստ աշխատավարձով: Մնացածն իր բիզնեսի գործունեության «հետեւանքներն» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more