▲ Դեպի վեր

Friday, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Շատ լուրջ է սրտիս խնդիրը, չունի այն բուժում․․. Զառա Արամյան

Դիտեք նաև՝

ՍթարՆյուզ-ը գրում է, որ զրուցել է հեռուստառադիոհաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հետ:

Տիկին Արամյան, կանանց միամսյակը շուտով մոտենում է ավարտին: Հայ կանայք որքանով են գնահատված և ինչ եք կարծում ինչ է նրանց պակասում: 

Եթե խոսենք պետական առումով, պետք է շատ մեծ գոհունակություն հայտնեմ,քանի որ այսօր շատ են պաշտոններ զբաղեցրած  կանայք: Դա մեծ գնահատական է:Եթե խոսենք ոչ պետական, այլ ընտանեկան առումով` պետք է փաստեմ,որ պետք է կինը հասկանա, որ այսօր տղամարդը շատ  դժվար է վաստակում, քանի որ մենք տեսանք պատերազմ ու բազմաթիվ դժվարություններ: Կինը չպետք է դա դարձնի մեծ խնդիր ու վեճ: Չէ, որ հայ կինը հասարակության մեջ միշտ էլ գնահատված է:

Արդյո՞ք սիրում եք տոները, քանի որ շատ դեպքերում տոների առկայությունը «ստիպում» է, որ տղամարդկանց անառիթ ուշադրություն չդարձնեն կանանց:Ի՞նչ կասեք այս առիթով:

Այո, սիրում եմ, քանի որ տոներն առիթ են մեկ անգամ ևս ժպտալու ու ուրախանալու: Բայց դժբախտ են այն կանայք, ովքեր գնահատված են կամ ուշադրության են արժանացած միայն տոներին: Երջանիկ կինն ամեն օր է ուշադրություն ստանում իր կողակցից, հորից ու եղբորից: Կինը պետք է ամբողջ տարվա ընթացքում սիրվի  և գնահատվի: Պետք է տղամարդը ստեղծի այնպիսի իրավիճակ, որ կինը աչքերը բացելուց արդեն իրեն զգա երջանիկ: 

Այս տարիների ընթացում ո՞րն է եղել Ձեր ամենահիշվող նվերը կանանց տոնի կապակցությամբ: 

Լինելով արտիստ` ես շատ շքեղ ծաղիկներ եմ ստացել իմ կյանքի ընթացքում, բայց, երբ ամուսինս հասարակ մի վարդ կամ ինչ որ տեղից քաղած մի սովորական ծաղիկ է կրծքի մոտ պահած բերում` առանց առիթի ու նվիրում, դրանից առավել գեղեցիկ ու հաճելի բան չկա: Այդ փոքրիկ ծաղիկն իր մեջ այնքան սեր ու քնքշություն է ներառում. սա գիտեք որն է՝ ուզում ես լինել երջանիկ՝ եղիր:

Ինչպես նախքան զրույցը նշեցիք` առողջական խնդիրներ ունեք: Գիտենք, որ խնդիրները սրտի հետ կապված են: Ինչ փուլում է այժմ բուժումը:

Շատ դժվար է ինձ այս հարցի մասին խոսել, այն դեպքում, երբ ես մոտ 35 տարուց ավելի հեռուստադիտողի աչքին երևացել եմ կենսուրախ` իմ եթերներով ու իմ հումորներով: Ամեն մարդ չգիտի, թե իր հետ ինչ է լինելու հաջորդ քայլին: Այո, շատ լուրջ է սրտիս խնդիրը և չունի այն բուժում, ուղղակի, երբ լինում է շատ սուր վիճակ, ես պառկում եմ հիվանդանոց,իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի, մոտ, ով մի քանի տարի է ուղեկցում է ինձ այս ճանապարհին: Երբ թեթևանում է սուր վիճակը, այդ ժամանակ կարողանում եմ գալ տուն: Չեմ կարող շատ ակտիվ լինել, անգամ անվասայլակ եմ նվեր ստացել, որ դրսում չքայլեմ,այլ շրջեմ անվասայլակով: Բայց հոգիս զվարթ է, և ես հավատքի մեջ եմ, ու երբ հավատքդ մեծ է առ Աստված, միշտ մտածում ես, որ ամեն բան լավ է լինելու: Ու օգտվելով առիթից բոլոր այն անհույս հիվանդներին ուզում եմ ասել, որ չպետք է անհույս լինել՝ պետք է հավատքն ուժեղացնել ու մոտենալ Աստծուն՝ աղոթքով ապրել: Հիմա շատ են մարդիկ, ովքեր ինձ չճանաչելով աղոթք են անում, մոմեր վառում ու նկարում ինձ ուղարկում: Այդ ամենն ամենամեծ օրհնությունն է:

Որն է այն ուժը, որը Ձեզ առաջ է տանում`անկախ դժվարություններին:

Դա հավատքի ուժն է, երբ գիտակցում ես, որ ոչ քո, ոչ էլ բժշկի ձեռքերում ոչինչ չկա և միայն հավատքի ուժն է, որ կարող է օգնել: Դու հավատում ես այդ հրաշքին, և այդ հրաշքը կատարվում է: Շատ է եղել, երբ ես ուրիշների համար աղոթել եմ, օրինակ` հիշում եմ մի զավեշտալի դեպք, երբ մի կնոջ բալիկ ունենալու համար աղոթել եմ ու շատ պատահական իմացել եմ, որ հղիացել է: Ամուսնուս քնից հանել եմ, էմոցիաների ազդեցության տակ ու ասել, որ հղի է այդ կինը: Ամուսինս չի հասկացել, թե ինչ եմ անում և ինչի եմ այդ լուրը տվյալ ձևով հայտնում: 

 Դուք շատ հաճախ խոսում եք նաև Ձեր ամուսնու մասին: Որն է ամուր ընտանիքի բանաձևը:

Այո, ամուսնուս մասին շատ հաճախ եմ խոսում: Երբ դեռ նոր էինք ծանոթացել ինձ հարցրեցին, ինչու ես ընտրել հենց իրեն, քանի որ նա ինձանից 13 տարի մեծ է, ես ասացի, որ իրեն հաջողվում է ինձ ծիծաղեցնել: Ու հիմա էլ՝ այսքան տարի անց,մեր տան ամենաթեժ ու դժվար պահերն ավարտվում են ծիծաղով: Արտաշեսը կարողանում է այնպես ստեղծել, որ ես կարողանամ ինձ թույլ զգամ, ինձ կանացի զգամ: Ինքն արժանի է, որ ես ամեն պահի խոսեմ իր մասին:

Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մեր երազանքներն ու ապագայի պատկերացումները: Ինչի մասին է այսօր երազում Համով Զառան:

Այո ժամանակները փոխվում են, այսօր շատ կարևոր է, որ լինես կայուն, չկոտրվես… Երազում եմ տեսնել երեխաներիս ընտանիքները, թոռներիս: Երազում եմ զբաղվել իրենցով և սովորեցնել իրենց կարևոր բաներ: Անձնական երազանքներս կապված են միայն նման կարևոր բաների հետ: Դա ինձ ուժ է տալիս պայքարելու, իմ ցավերին դիմակայելու և ամեն առավոտ արթնանալու:

Ինչ կմաղթեք հայ կանանց:

Մաղթում եմ, որ այլևս չլինեն որդեկորույս ու լացող մայրեր, և եթե լինի արցունք, ապա դա լինի բացառապես երջանկության արցունքներ…Մենք՝ հայ կանայք, լավն ենք, համով ենք…)Թող խաղաղություն լինի երկնքում և մեր հոգիներում: Սիրում եմ բոլորիդ՝ Ձեր Զառա Արամյան:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more