▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի երեկվա խոսքում, թերեւս, ամենակարեւոր հայտարարությունը. «Ժողովուրդ»

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է ՀՀ եւ ԼՂ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Սա այն եզակի դեպքերից էր, երբ Սերժ Սարգսյանի խոսքին անհամբեր սպասում էին թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս: Եվ այդ խոսքը երեկ հնչեց: Դիմելով զորավարժության մասնակիցներին` Սարգսյանը նախ շնորհավորեց զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության համար, ապա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբեւէ անցկացված ամենալայնամասշտաբ այս զորավարժությունները գնահատեց հաջողված` չնայած ուղղաթիռի խոցման ցավալի դեպքին: Անդրադառնալով ազերիների լկտի սադրանքին տրվելիք պատասխանին` նա խորհուրդ տվեց չթերագնահատել հայկական զինուժը եւ նշեց, որ հատուցման օրը գալու է` առանց մանրամասնելու եւ առանց լրացուցիչ կոշտ հռետորաբանության:

Դժվար է ասել, թե որն էր Սարգսյանի` երեկվա սպասվածից առավել զուսպ արձագանքի պատճառը՝ արդյո՞ք իրավիճակի հետագա սրումը չհրահրելու ձգտումը, թե՞, այնուամենայնիվ, ինչ-ինչ այլ պատճառներ, որոնք թույլ չտվեցին նրան ավելի կոշտ դիրքերից հանդես գալ: Ամեն դեպքում, Սարգսյանի երեկվա խոսքում ուշագրավ էին մի քանի նրբություն. նախ՝ նա տեսանելիորեն հուզված էր եւ իր՝ սովորաբար սառը խոսելաձեւին ոչ հատուկ ջերմությամբ էր դիմում զինվորներին: Բացի այդ` նա իր խոսքում մի հետաքրքիր բացահայտում արեց` նշելով, որ ազերիները ի վիճակի են դժվարին վիճակում հայտնված եւ իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Մինչ օրս, նկատենք, խոցված ուղղաթիռի` դժվարին վիճակում լինելու մասին որեւէ տեղ չի հիշատակվել: Պատասխանատու գերատեսչություններից ոչ մեկն այդպես էլ, ի վերջո, չի բացատրել, թե ինչու էր հայկական ուղղաթիռը (երկու ուղղաթիռներ) թռչում չեզոք գոտու եզրագծին  չափազանց մոտ` ադրբեջանական սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Եվ հիմա, երբ Սարգսյանն իր խոսքում ի միջի այլոց արձանագրում է հայկական ուղղաթիռի` դժվարին վիճակում հայտնված լինելու փաստը, կարծես թե դրանով փորձ է անում սրբագրելու  հայկական կողմից մինչ այս ներկայացված ինչ-ինչ պարզաբանումներ:

Ինչեւէ, Ս. Սարգսյանի երեկվա խոսքում, թերեւս, ամենակարեւոր հայտարարությունը սա էր. «Եվ վստահ եմ՝ պատերազմ է՛լ չի լինելու»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more