▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշո. Եվրատեսիլ վերադառնալու ցանկություն երբեք չեմ ունեցել

Այս տարի Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլին. Շվեդիայում կայանալիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնողի անունը դեռևս հայտնի չէ, մինչդեռ արդեն տարբեր երգիչներ հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել դրան:


Երեկ Հայաստանի մասնակցության մասին հոդված է հրապարակվել Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքէջում: ''Հայաստանը նորից Սիրուշո՞ն կներկայացնի'' վերնագրով հոդվածում հեղինակը գրում է, որ թեև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց երկրի ներսում շատ է խոսվում, որ հենց Սիրուշոն է Եվրատեսիլում ներկայացնելու կովկասյան այս փոքրիկ երկիրը:

Երգչուհի Սիրուշոն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ հոդվածի մասին տեղյակ է, նրա խոսքով առաջին անգամը չէ, որ խոսվում է իր՝ Եվրատեսիլ վերադառնալու մասին:

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչև այժմ ամենաբարձր դիրք հենց Սիրուշոն է զբաղեցրել։ Իր ''Քելե-քելե'' երգով նա 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը:

Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում անդրադարձ կա նաև Սիրուշոյի վերջին ՊռեԳոմեշ երգին, հեղինակը գրում է, որ այն կարճ ժամանակահատվածում հայտնի և սիրված հիթ է դարձել: Միայն առաջին օրը YouTube-ում ՊռեԳոմեշ երգի տեսահոլովակը 125 հազար դիտում ունեցավ, իսկ 3 շաբաթում այդ թիվը հասավ 560 հազարի: Հոդվածի հեղինակը գրում է, որ հնարավոր է հենց ՊռեԳոմեշն է  Քելե-Քելե-ի շարունակությունը։ Երգչուհի Սիրուշոն ասաց, որ ՊռեԳոմեշը  Եվրատեսիլի հետ կապ չունի: Երգչուհին նշել է, որ հետևել է երկրպագուների արձագանքին հատկապես վերջին երկու օրերի ընթացքում, դա նրան մասնակցության մասին մտածելու առիթ է տվել:

''Թեև մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել Եվրատեսիլ վերադառնալու մասին'',- նշել է Սիրուշոն։

Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախորդ տարի երգչուհին հաստատել էր, որ հետաքրքրված է մրցույթին մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանը նախորդ տարի Եվրատեսիլին ընդհանրապես չմասնակցեց:

Նախորդ տարի բացի Սիրուշոյից Եվրատեսիլին մասնակցելու մասին խոսեցին նաև Դորիանս ռոք խմբի անդամները, նրանք անգամ մրցույթին մասնակցելու համար երգ ներկայացրեցին, ինչ վերաբերում է այս տարի խմբի Եվրատեսիլին մասնակցելուն, Դորիանսի մենակատար Գոռ Սուջյանը ասաց, որ դեռևս նման որոշում չեն կայացրել:

 

Աղբյուրն` Ազատություն ռադիոկայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more