▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնապարծորեն. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հայրենի հատուկ ծառայությունները բացահայտել եւ վնասազերծել են  ադրբեջանական  հատուկ ծառայությունների   վիրտուալ  փորձերը` տարբեր սոցիալական ցանցերի միջոցով կեղծ օգտատերերի անվան տակ ՀՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզելու ուղղությամբ: Որպես «դարի օպերացիա» ներկայացված այդ երկարաշունչ հաղորդագրությունն այն աստիճան սնապարծ ու ինքնագոհ  ձեւակերպումներով էր կազմված, որ մի պահ անգամ կասկածելի թվաց՝ արդյոք դրա հեղինակը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է, որն ավանդաբար ընկալվում է որպես լուրջ կառույց:

Այսպես. բացահայտելով  ընդամենը մի քանի կեղծ օգտատերերի, այն էլ`   հայրենասեր եւ ուշադիր ՀՀ քաղաքացիների շնորհիվ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է. «ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում 2013թ. բացահայտվել էր  ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ եւ պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վերջիններս որդեգրել էին` օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները»: Հետաքրքիր է, թե որքանով է հիմնավոր  մեր քաջարի ԱԱԾ-ի վստահությունը, որ  ազերիներն «այլընտրանք չունեն»: Եվ կամ այն պնդումը, թե նրանք չեն հրաժարվում «հնություն դարձած գործելաոճից»: Մենք, իհարկե, միայն ուրախ կլինենք, եթե  վիրտուալ հետախուզությունը հայրենի հատուկ ծառայությունների համար այլեւս «հնություն դարձած գործելաոճ է»: Սակայն վերհիշելով մեր ԱԱԾ-ի  բացարձակ անգործությունը այնպիսի աղմկահարույց դեպքերում, ինչպես Սաֆարովի արտահանձնումն էր, կամ էլ` մայիսի 29-ին Աստանայում Նազարբաեւի ընթերցած նամակը ( Ս. Սարգսյանի պնդումները, թե իրենք տեղյակ էին այդ նամակի մասին, կարծում ենք, հենց « հնություն դարձած գործելաոճի» դրսեւորում էր), դժվար է հավատալ դրան: 

Իրականում ձախողվելով  լուրջ հարցերում, այս միջինից էլ ցածր կարեւորության «օպերացիան» նման պաթոսով ներկայացնելով` ՀՀ ԱԱԾ-ն պարզապես փորձում է ցույց տալ, թե բացի ընդդիմադիր գործիչների ու ոչ իշխանական գործարարների խոսակցությունները գաղտնալսելուց, երբեմն նաեւ երկրի ազգային անվտանգությամբ է զբաղվում:

Եվ, ի դեպ, եթե ազերի հետախույզներին մերոնք պարբերաբար կեղծ տեղեկատվություն էին հրամցնում, որից,  ինչպես նշված է ԱԱԾ հաղորդագրությունում, նրանք «ուրախությունից գլուխները կորցրած» զեկուցում էին իրենց ղեկավարությանը՝ իրականում նրանց մոլորեցնելով,  ավելի քան անհասկանալի է, թե ինչու է մեր ԱԱԾ-ն ինքնաբացահայտվել՝ կորցնելով հակազդելու նման արդյունավետ միջոցը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more