▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդային թունավորո՞ւմ, թե՞ փնթի առօրյայի հետևանք.«Ժողովուրդ»

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքերի շուրջ խոսակցությունները գնալով է՛լ ավելի են թեժանում: Սննդային թունավորման նախնական վարկածով երեխաները մեկ օր առաջ կերել են «Մուշ» ընկերության նրբերշիկ: Իսկ երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ թունավորման պատճառը կաթնամթերքն է եղել:

 Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին սննդային թունավորմամբ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում 70 երեխա է հոսպիտալացվել, մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ահազանգից անիմիջապես հետո հարուցվել է քրեական գործ, դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ զանգվածային թունավորման դեպքի օրը մանկապարտեզում երեխաները կաթնամթերք են կերել: Բացի այս՝ լուրեր են պտտվում նաեւ, որ վարակն առաջացել է մանկապարտեզի կեղտոտ սպասքից: Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս առիթով հայտարարեց, որ դիզինտերիան, որն ախտորոշվել է վարակված երեխաների մոտ, հայտնի է որպես «կետոտ ձեռքերի հիվանդություն»: Վարակից օրեր առաջ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնի (սանէպիդկայան) աշխատակիցները եղել են Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում: Նրանք դիզինտերիայի հարուցիչներ են հայտնաբերել, սակայն համապատասխան արձանագրություն չեն կազմել:

«Մուշ» ընկերության տնօրեն Բորիս Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ընկերության արտադրանքը՝ նրբերշիկը, կապ չունի այս դեպքերի հետ: «Ինչպե՞ս կարող է արտադրվել մեծ խմբաքանակով նրբերշիկ, որից ընդամենը մի քանի կիլոգրամը լինի թունավորված: Բոլորդ էլ հասուն մարդիկ եք, չգիտե՞ք՝ այդ հիվանդությունն ինչից է առաջանում: Դա կապ չունի սննդի հետ, այլ միայն՝ պահպանման կեղտոտ պայմանների հետ: «Մուշ»-ի անունը պետք չէ անիմաստ տեղը բարձրաձայնել: Գուցե՞ մանկապարտեզի խոհարարից է այդ խնդիրն առաջացել կամ զուգարանից: Սա նրբերշիկի հետ կապ չունի»,- վրդոված նկատեց ընկերության տնօրենը:

«Հայկազունք» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ «Մուշ» գործարանից նույն օրը վերցրել են նրբերշիկը եւ նույն օրն էլ մատակարարել մանկապարտեզ՝ 30 րոպե անց: Բացառվում է, որ այն հին լինի:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more