▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ նախկին «Թիվ 5» խմբի երգիչներից Մանվել Խաչատրյանի տունը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, նախկին Թիվ 5 խմբի երգիչ Մանվել Խաչատրյանը  պատմել է  մոտ մեկ ամիս առաջ իրեն մատուցված “հաճելի” անակնկալի մասին. թալանել են իր վարձակալած տունը, որտեղ բնակվում է կնոջ եւ երեխայի հետ` գողանալով գումար եւ ոսկեղեն:

-Քանի որ թատրոնում այդ օրը մինչեւ ուշ ժամի փորձի էի լինելու, կնոջս ուղարկել էի Գյումրի` ծնողներիս մոտ: Երբ վերադարձա տուն եւ փորձեցի դուռը բացել, զգացի` բանալին փականի մեջ դժվարությամբ է մտնում: Թեթեւ հրեցի, դուռը բացվեց: Արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Դրամապանակս, որի մեջ իմ բոլոր փողերն էին, ամբողջովին դատարկ էր. առավոտյան էի այն հանել դարակից, վերցրել ինձ անհրաժեշտ գումարը, իսկ մնացածը թողել սեղանին, այնպես որ գողերը երկար չեն էլ փնտրել: Տարել են նաեւ մեր ամբողջ ոսկեղենը,-bravo.am-ին հայտնել է Մանվել Խաչատրյանը:

 

Հարցին, թե որքան է կազմել հասցված վնասը, Մանվել Խաչատրյանը  պատասխանել է հետեւյալը. “Շատ ուժեղ շոկ ապրեցի. շատ տարօրինակ զգացողություն էր: Քարացել էի տեղում, հետո ուշքի եկա, գնացի հարեւանների մոտ, նրանք էլ անմիջապես ոստիկանություն զանգահարեցին, որոնք եկան մեծ շքախմբով, ամեն ինչ հետազոտեցին, նկարահանեցին, հարուցեցին քրեական գործ: Ողջ գողոնը գնահատվեց շուրջ 3 մլն դրամ, որն ինձ համար մեծ գումար է”: 

“Ես ծագմամբ գյումրեցի եմ, մեզ մոտ ընդունված է հարսանիքին ոսկի նվիրել: Տատիկիս` ժառանգաբար փոխանցված ժամացույցը եւ ինձ ու տիկնոջս համար թանկ այլ իրեր եւս այլեւս չունենք: Մտածում էի` արդեն հասել եմ այն տարիքին, որ այլեւս ոչ մի զգացողություն առաջին անգամ չի լինի, բայց սխալվում էի. դատարկության նման տարօրինակ զգացողություն երբեւէ չէի ունեցել”,-հավելել է Մանվելը:


Խոսելով քրեական գործի ընթացքի մասին` դերասանը նշել է. “Դեռեւս ոչ մի լուր չկա: Կարծում եմ` երկար կսպասենք ինչ-որ արդյունքի, եթե այն, իհարկե, լինի: Բայց ասեմ, որ ես գողերին չեմ մեղադրում, չեմ անիծում, ես եմ մեղավոր, որ տան մեջ էի պահում ոսկին եւ երկար ժամանակ հավաքած գումարս: Ամեն ինչն իր սկզբնաղբյուրն ունի. եթե այդ գողը հացի խնդիր չունենար, գուցե նման բան չէր լինի, չնայած` ամեն ինչ հարաբերական է…”: 
Մանվել Խաչատրյանը կատարվածի մասին որոշել է կնոջն այնպես ասել, որ նա շատ չնեղվի, բայց. “Զանգեցի բոլոր բարեկամներիս, խնդրեցի, որ իրեն չասեն: Սակայն կնոջս քեռու տղան, չիմանալով, որ Լուսինեն տեղյակ չէ, զանգել է` դեպքի մանրամասները ճշտելու: Կինս էլ շփոթված ինձ զանգեց, ես էլ ասացի, որ մեզ թալանել են, փառք Աստծո, ավելի վատ բան չի եղել”:
“Վատն այն է, որ ես եւ ինձ նման այլ երիտասարդներ պայքարում ենք մեր հայրենիքում մնալու համար, բայց դժվար է: Օրինակ, “Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ” նախագիծ կա, մտածեցի` գնամ եւ այդ նախագծի շնորհիվ տուն գնեմ, բայց ինձ մերժեցին, քանի որ իմ, կնոջս եւ երեխայիս տարիքների գումարը պետք է 60-ից բարձր չլիներ: Ասածս այն է, որ անգամ այդ զիջումը չարեցին մեզ համար: Ամեն դեպքում դեռ այստեղ եմ, շարունակում եմ կյանքս, վերականգնվում եմ այդ տխուր պատմությունից հետո, իսկ ժամանակը ցույց կտա ամեն ինչ”,-նշել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more