▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես է հարստացել Սամվել Ալեքսանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի 2013թ. ծրագրի կատարման հաշվետվությունն ուսումնասիրելիս կարելի է բավականին հետաքրքիր դրվագներ հայտնաբերել:
2012թ. եւ 2013թ. առաջին կիսամյակում Առողջապահության նախարարության կողմից մրցույթով «Նատալի ֆարմ» եւ «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից ձեռք է բերվել ավելի քան 224 հազար սրվակ ինսուլին, որի 1 սրվակի արժեքը եղել է 4800 դրամ: Իսկ ինսուլինն այն դեղամիջոցն է, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին, եւ այդ հիվանդներին տրվում է անվճար: Այսինքն` ինսուլինը պետական միջոցներով գնվում է մասնավոր ընկերություններից եւ բուժհիմնարկների միջոցով հատկացվում է հիվանդներին: Հետագայում որոշվել է 2013-2019 թվականների համար բանակցային ընթացակարգով անհրաժեշտ ինսուլինը ձեռք բերել «Նովո Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից` 1 սրվակը 1345 դրամով: Այսինքն` երեքուկես անգամ ավելի էժան գնով: Եվ այս փոփոխության արդյունքում 2014թ. միայն ինսուլին ձեռք բերելու դեպքում պետբյուջեի խնայողությունը կկազմի 736 մլն դրամ:

Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը, որից մինչ այդ սրվակը 4800 դրամով ինսուլին է ձեռք բերվել, պատկանում է ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հայտնի է նաեւ, որ վերջինս մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ վերահսկում է դեղերի ներկրման եւ իրացման շուկան: Եվ պետությունը ամեն տարի ավելի քան եռակի անգամ թանկ գնով ինսուլին է գնել նրան պատկանող «Նատալի ֆարմից»: Այն էլ` մրցութային կարգով:

Պետական գնումներում մրցույթն անցկացնելու տրամաբանությունն այն է, որ ցանկալի ապրանքը, այդ թվում եւ` դեղորայքը ձեռք բերվի հնարավորինս ցածր գնով: Սակայն ՎՊ ուսումնասիրությունները շատ հաճախ ցույց են տվել, որ մրցույթի միջոցով ապրանքները ձեռք են բերվում շուկայականից շատ ավելի բարձր գներով: Դրա վառ օրինակներից մեկն էլ Առողջապահության նախարարության կողմից Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունից ինսուլինի ձեռքբերումն է: Սա ցայտուն օրինակ է, թե այս պատգամավորն ինչպես է տարիներ շարունակ հարստացել պետության հաշվին: Այդ շրջանակում սա ընդամենը մեկ օրինակ է, եւ տարիներ շարունակ միայն ինսուլինի վաճառքից պետությունից միլիարդավոր դրամներ են հոսել Ս. Ալեքսանյանի գրպանը: Մինչդեռ Ս. Ալեքսանյանը հարյուրավոր անուն դեղեր է ներկրում, այդպես վաճառում պետությանն ու քաղաքացիներին եւ ահռելի հարստություն դիզում:
ՎՊ ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Պետական բյուջեից դեղորայքի ձեռքբերման համար տրամադրվող միջոցները կարող են խնայվել նաեւ մյուս դեղատեսակների դեպքում»: Փաստորեն, Ս. Ալեքսանյանին չհարստացնելու դեպքում պետությունը կարող է տասնյակ միլարդավոր դրամներ խնայել»։

 

  Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more