Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղար
Գաֆֆուր Թյուրքան մուսուլմանացված հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է, ով 4 տարի առաջ մկրտվել է հենց նույն եկեղեցում:
Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը զրուցել է Գաֆֆուր Թյուրքանի հետ, ով պատմել է, թե ինչպես է ցեղասպանությունից փրկվել իր պապիկը, ինչ միջավայրում են մեծացել, ինչպես են իրենց վերաբերվել, ինչու է որոշել վերադառնալ հայրերի կրոնին:
Թյուրքանը հայտնել է, որ իր մեծ ընտանիքից ցեղասպանությունից հետո միայն երեք երեխա են փրկվել՝ պապիկը, նրա եղբայրը և զամիկը: Վերջինս կարողացել է հետագայում փախչել Սիրիա: Երկու երեխաները գոյատևել են քրդերի տանը՝ նրանց ծառայություններ մատուցելով: Դաստիարակվել են քրդական և մահմեդական մշակույթի համաձայն և հայկականության հետ որևէ կապ չեն ունեցել, քանի որ ո՛չ եկեղեցի կար, ո՛չ էլ հայկական միջավայր:
«Մենք էլ այդ միջավայրում ենք ծնվել և այդ պատճառով էլ մեր մայրենի լեզուն քրդերենն է: Հայերենի և հայկականության հետ որևէ առնչություն չեն ունեցել»,- ասել է Թյուրքանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, դեռ փոքր տարիքից իմացել են իրենց հայկական ծագման մասին: Ըստ Թյուքանի՝ իրենց հայկական արմատները չմոռանալու հիմնական պատճառներից մեկն էլ մահմեդական միջավայրի վերաբերմունքն է եղել:
«Երբ մարդիկ իրենց ինքնությունը քողարկելու համար մուսուլման էին դառնում, սկսում էին նրանցից ավելի շատ նամազ անել: Օրինակ՝ իմ հայրը հաջ էլ է գնացել, սակայն ամեն անգամ, երբ բանավեճի մեջ էր մտնում, հակառակ կողմը միշտ նրան հիշեցնում էր. «տե՛ս, դու հայ ես, և քո մի չոփն անգամ հարամ է»: Նույն բաները նաև ինձ հետ են տեղի ունեցել: Այս վերաբերմունքով է, որ նման մարդիկ մեզ չեն թողել մոռանալ մեր ինքնությունը: Եվ ինչ լավ է, որ չեն թողել…»,- պատմել է Թյուրքանը:
Նշելով, որ 4 տարի առաջ 44 տարեկան հասակում մկրտվել է՝ այնուամենայնիվ, իրեն կրոնական մարդ չի համարում, քանի որ ո՛չ իսլամ դավանելիս և ո՛չ էլ քրիստոնեություն ընդունելուց հետո այդպիսին չի եղել: Մկրտվելով հիմնականում ցանկացել է ընդգծել իր հայկական ինքնությունը:
Թյուրքանը հայտնել է նաև, որ Դիարբեքիրում 100 տարի անց հայերենի դասընթացներ են բացվել: Դասընթացներին իր հետ միասին հաճախում են նաև իր 3 երերեխաները՝ Գյուլբինը, Իբրահիմը և Հուսեյինը: Երեխաներին հայկական անուններով չի անվանել, քանի որ վաղ տարիքում է ամուսնանացել և հայկական անուններ դնելու համարել դեռ այդ գիտակցույթյունը չի ունեցել: Իսկ զավականերից մեկին անվանել է Իբրահիմ՝ ի պատիվ ցեղասպանությունից փրկված իր պապիկի, ում հայկական անունը երբեք չեն իմացել. գրում է Ermenihaber-ը: