▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսչության նախկին պետն ապրելու խնդիր ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ անանուն դիմում-բողոք ստացավ մի քաղաքացուց, ով ներկայացել է որպես  ընդերքաբան եւ նշել, որ մտահոգված է Հայաստանի ընդերքի ներկայիս վիճակով: Նամակի հեղինակի խոսքով՝ Ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանն իր պաշտոնավարման տարիներին թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում, ինչի արդյունքում դիզել է մեծ հարստություն:

 

Նշենք, որ դիմում-բողոքն ուղղված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ ՀՀ ոստիկանությանը:

Դիմում-բողոքում մասնավորապես նշված է, որ ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի ու նրա տեսչության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումով իրականացվել են ճնշումներ ընդերքօգտագործման եւ բնական քարերի  մշակման ոլորտում աշխատող անձանց վրա, որպեսզի մեկ դեպքում՝ տիրանան սեփականությանը եւ «կրիշա» հանդես գան այդ կազմակերպություններին, իսկ մյուս դեպքում՝ աչքերը փակելով, պահանջելով եւ ստանալով դրամային «պարգեւներ»` թույլատրեն եւ աջակցեն ապօրինի ընդերքօգտագործմանն ու թանկարժեք եւ բնական քարերի մշակմանն ու վաճառքին, որի արդյունքում մեկ լումա հարկավճար չի վճարվում:

Նամակի հեղինակը նշել է նաեւ, որ Հովհաննիսյանն ու իր աշխատակիցները նախկինում եւ այժմ հովանավորում են Արարատի մարզի Գոռավան գյուղի տարածաշրջանում գտնվող տրավերտին բնական քարի բոլոր  գործող հանքավայրերը՝ թույլատրելով վերջիններիս թաքցնել հանքարդյունահանվող իրական ծավալները եւ թաքցված ահռելի պաշարների վաճառքից ստանալ անօրինական եկամուտներ: «Նույն իրավիճակը տիրում է նաեւ բնական քարի մշակման ոլորտում, որտեղ իրենց ավազակային հովանավորությունը տարածված է Արարատի, Արտաշատի եւ Մասիսի քարի վերամշակման գործարաններում եւ որոնցում նաեւ ունեն սեփականության իրավունքով մասնակցություն՝ այլ անձանց անուններով գրանցված: Օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը անազնիվ եւ անօրեն տիրացել են Եղեգնաձորի, Վայքի ավազի հանքերին, Ամասիայի, Ալավերդիի եւ Իջեւանի տարածաշրջանների թանկարժեք եւ բնական քարերի հանքավայրերին: Իրենց պաշտոնավարման ընթացքում կատարել են  ընդերքի գաղտնի ուսումնասիրություններ՝ պարզելով հասպիսի, ագաթի, օբսիդիանի եւ այլ քարերի պաշարները: Այդ ժամանակահատվածում իրականացրել են այդ քարերի արտահանումն այլ անվան ձեւակերպմամբ, իսկ տեղական սպառումը իրականացնում են՝ պարտադրելով օբսիդիան մշակող բոլոր գործող ձեռնարկություններին գնել քարը միայն իրենցից՝ սպառնալով վերահսկողության մահակով փակել գործարարների աշխատանքը»,-նշված է դիմում-բողոքում:

Նամակի հեղինակի խոսքերով՝ նրանք այս ամենն իրականացնում են թաքնվելով ուսումնասիրության թույլտվությունների ներքո, կատարելով «ուսումնասիրված» պաշարների արտահանում եւ վաճառք «Օբսիդիան Վ.Ե. Ժ.» եւ «Սոկրատ եւ թոռներ» կազմակերպություններով: «Դրանք ստանալով ուսումնասիրության թույլտվություններ մեկ տարածքում իրականում ուսումնասիրության փոխարեն հանքարդյունահանում են թանկարժեք քարերը այլ տեղանքներից՝ ձեւացնելով, թե անմեղ են եւ կապ չունեն»,- ասված է անանուն նամակում:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց ՀՀ կառավարության պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում եւ պարզեց, որ «Օբսիդիան Վ.Ե.Ժ.» ՓԲԸ-ն գրանցված է, իսկ հիմնադիրներն են Ժորա Մալոյանը, Վլադիմիր Գասպարյանը եւ Երվանդ Հովհաննիսյանը:  «Սոկրատ եւ թոռներ» ընկերությունը նույնպես գրանցված է, որի հիմնադիրն է Վահե Հովհաննիսյանը: Այս ընկերությունների հետ  կոնտակտներ գտնելու «Ժողովուրդ»-ի փորձերը հաջողություն չունեցան: Այնուամենայնիվ,  կապ հաստատեցինք Ընդերքի պետական տեսչության հետ, որտեղից  Գուրգեն Հակոբյան անունով տեսուչը փոխանցեց, որ նամակում գրվածը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը:

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի հետ, ով, լսելով նամակի բովանդակությունը, նախ ծիծաղեց, ապա՝ ասաց. «Այն, ինչ որ գրված է նամակում, դրանք լրիվ հերյուրանքներ են: Ուղղակի մարդիկ կան, ովքեր չեն կարողանում հանգստանալ կամ ինչ-որ մտադրություններ ունեն: Աստված տա նամակում ինչ գրված է իմը լիներ»:

Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե «Օբսիդիան Վ.Ե.Ժ.» եւ «Սոկրատ եւ թոռներ» ընկերութնունների հետ ինքն ինչ առնչություն ունի: ««Օբսիդիան Վ.Ե.Ժ.» ընկերությունը հիմա ուզում է հանքի շահագործման ուսումնասիրության գործունեություն սկսի, բայց եթե չեն ուզում, չի սկսի: Այդ նպատակն ունեցել եմ, նույնիսկ մի տեղում էլ ասել եմ,  որ նման նպատակ ունեմ: Բայց, անկեղծ ասած, հիմա հասկացել եմ, որ Հայաստանում անիմաստ է ապրելն ու աշխատելը: Եվ իմ դիմումի հիման վրա էլ ազատվել եմ աշխատանքից. ուղղակի հոգնել էի»:

«Ժողովուրդ»-ը փորձեց տեսչության նախկին պետից պարզել, թե նրա կարծիքով` ով է դիմում-բողոքի հեղինակը. «Ես, ճիշտն ասած, մի հոգու վրա կասկածում եմ: Նա այն ժամանակ ապօրինի ճանապարհով փորձում էր օբսիդիան արտահանել, բայց ես՝ որպես տեսչության պետ, արգելել էի: Իմ ուսումնասիրած հանքավայրերը բավականին շատ են եւ որեւէ մեկը ես չեմ փորձել վերցնել շահագործման, բոլորն էլ տրամադրված են պետությանը: Իսկ օբսիդիանի մասով, իրոք, շատ եմ մտածում, որովհետեւ այն կարող է արտաքին շուկայում մեծ հաջողություններ բերել: Կուզե՞ն՝ թող անեն, իմ նպատակները փոխվել են»: «Ժողովուրդ»-ի հարցին` Հովհաննիսյանը նեղացա՞ծ է կառավարությունից, պատասխանեց. «Օրինակ,  դուք չէի՞ք նեղանա, որ այսօր զանգում ու ասում են, որ դուք  էս ինչ բաներն ունեք: Դե, նայեք ու տեսեք, թե ով ինչ ունի: Ախր ես բան չունեմ: Նույնիսկ ապրելու խնդիր ունեմ»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more