▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսողություն և ընթերցելու տարրական ունակություն ենք մաղթում սույն տիկնոջը․ Սաթիկ Սեյրանյան

168.am–ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրաննյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը թիրախավորում է լրատվամիջոցներին։ Գրառման մեջ ասվում է․

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան-ը թիրախավորում է լրատվամիջոցներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն, զբաղվում է բացահայտ զրպարտությամբ, ոչ իշխանական մամուլի դեմ ատելություն սերմանող արշավ կազմակերպելով, ինչը տեղավորվում է գործող իշխանությունների և իշխանամերձ հասարակական որոշ կազմակերպությունների հակաժողովրդավարական օրակարգում:

Այսօր սույն տիկինը 168.am-ին թիրախավորելով` մեղադրել է սուտ տեղեկություններ տարածելու մեջ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջն օգտագործել է պետական պաշտոնյային ոչ հարիր հատուկ հեգնական եղանակով այդ զրպարտանքը, հերյուրանքը տարածելու համար:

Խոսքը վերաբերում է մեր լրատվամիջոցում «Փաստինֆո» լրատվական կայքի հոդվածներից մեկի վերահրատարակմանը ... , որում 168.am-ի կողմից բարեխղճորեն հղում է կատարված սկզբնաղբյուրին: Եթե տիկինը հոդվածն ամբողջությամբ կարդար` միգուցե հասկանար, որ նյութի հեղինակը 168.am-ը չէ։ Ավելին, սույն տիկնոջը տեղեկացնենք, որ սկզբնաղբյուր կայքը ևս չէր հորինել ,... այլ փոխանցել էր կոնկրետ մարդու խոսք, ում լուսանկարն է անգամ հրապարակված (կից ներկայացնում ենք հղումները)։

Քրիստիննե Գրիգորյանը չէր զլացել անգամ գրառմանը կից տեղադրել լրատվամիջոցին կրկնակի զրպարտող և թիրախավորող պատկեր, որով լրատվամիջոցների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու ուղիղ պարտականություն ունեցող պաշտպանն իր հեգնական որակումներով հետևողականորեն վնասում է նաև բազմահազար ընթերցողներ ունեցող 168.am-ի բարի համբավն ու արժանապատվությունը:

ՄԻՊ-ը, ինչպես իր պաշտոնական պարտականությունները, այնպես էլ լրատվության ընթերցումը կատարում է այնքան մակերեսորեն ու անգրագիտորեն, որ չի ընկալում անգամ, թե որն է տեղեկատվության սկզբնաղբյուրը:

Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնն այսօր զբաղեցնում է մեկը, ում խնդիրը ոչ թե մարդու իրավունքների, այլ առանձին վերցրած մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանությունն է: Նրան, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում. մամուլը չի հանդուրժելու նման էժանագին գործելաոճը և մանիպուլյատիվ դրսևորումները` այնպես, ինչպես չի հանդուրժել Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան դարձրած քաղաքական ուժի կողմից ազատ խոսքի սահմանափակմանն ուղղված քաղաքականությունը:

Տեսողություն և ընթերցելու տարրական ունակություն ենք մաղթում սույն տիկնոջը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more