▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տների 60 տոկոսը կողպված է.«Ժողովուրդ»

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքում դեկտեմբերի 14-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահին թեկնածություն առաջադրել են երկուսը՝ ՀՅԴ-ական Աշոտ Դալլաքյանը եւ ներկա գյուղապետ Սարգիս Այունցը: Ի դեպ, տեղեկացնենք, որ դաշնակցական թեկնածուն նախկին գյուղապետն է:

 

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող գյուղապետ Սարգիս Այունցի հետ:

-Պարո՛ն Այունց, Դուք քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:

-Չորս տարի է, ինչ այս պաշտոնին եմ: Ժողովրդի պահանջով եմ եկել:    

-Դուք ճանաչո՞ւմ եք մյուս թեկնածուին՝ Աշոտ Դալլաքյանին:

-Այո՛, ճանաչում եմ: Նորմալ հարաբերություններ ունենք: Նա նախկինում գյուղապետ էր, տասը տարի աշխատեց այդ պաշտոնում:

-Դուք անկուսակցական եք, իսկ Ձեր մրցակիցը՝ դաշնակցական: Լարվածություն կա՞:

-Չէ՛, ոչ մի խնդիր չկա: Դուք լավ կլինի նման հարցերով չհետաքրքրվեք, այլ գաք գյուղ ու տեսնեք, թե ինչպես են բնակիչները հուսալքված:

-Ինչո՞ւ են հուսալքված:

-Եկեք գյուղ ու կտեսնեք, որ 350 աշակերտ ունեցող դպրոցում այսօր 38 աշակերտ կա: Գետիկի դպրոցի աշակերտները հիմա դարձել են լավագույն մասնագետները՝ բժիշկներ, դասախոսներ, պրոֆեսորներ: Ափսոսում եմ, բայց ինչ արած: 360 ընտրողից հիմա մնացել են միայն 290-ը:

-Հեռացե՞լ են գյուղից:

-Դե՛, ինչպես հայտնի է՝ աշխատատեղ չկա: Ի՞նչ եք կարծում՝ բարձրագույն ավարտ մարդը գյուղում ինչով պետք է զբաղվի: Իսկ ովքեր գյուղում են մնում, անասնապահությամբ են զբաղվում, բայց դրանից ի՞նչ եկամուտ: Գյուղի տների 60 տոկոսը փակ է, կողպված, դատարկ է: Իսկ անձրեւից էլ տան արտաքին պատերն արդեն մամռակալել են:

-Հիմնականում ո՞ր երկիր են մեկնում:

-Եվրոպական երկրներ հատուկնետ մարդիկ են մեկնում, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են բնակություն հաստատում: Միայն 120 մարդ այս պահին Երեւանում, Նոր Հաճնում եւ Մասիս քաղաքներում են ապրում:

-Իսկ հողագործությամբ չե՞ն զբաղվում գետիկցիները:

-Պատկերացրեք, որ 400 հեկտար վարելահող ունենք, բայց դրանից մշակվում է միայն 15 հա-ն: Ձեռնտու չէ: Ջուրը կա, բայց չեն ցանկանում մշակել: Մեզ մոտ դժվար է ապրել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more