▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրեններին ազատել են, իսկ պարողներին՝ ատեստավորել

Դեռեւս կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում պետք է ընդգրկվի նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:

«Հրապարակ»-ն է գրում ու մանրամասնում․ «Նորաստեղծ ՊՈԱԿ-ը, որը դեռ չունի ոչ հասցե, ոչ տանիք, արդեն 2 ամիս է ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ, պրոդյուսեր, հաղորդավար, թամադա Արմեն Սարգսյանն է, ում նշանակումը շատերին զարմացրել է, քանի որ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել եւ նշանակվել հենց նա եւ ինչու ԿԳՄՍՆ-ի ընտրությունը կանգ չի առել 6 կոլեկտիվներից մեկի տնօրենի վրա, որոնցից որ մեկն էլ նշանակվեր տնօրենի ԺՊ այս անցումային շրջանում՝ մինչեւ նոր ՊՈԱԿ-ի ձեւավորումը, բնական կհամարվեր։ Մյուս կողմից՝ զարմանալի չէ այս նշանակումը, որովհետեւ Արմեն Սարգսյանը «քայլողներից» մեկն է, ում 2 տարի առաջ տեղավորեցին Երգի պետական թատրոնում՝ տնօրենի պաշտոնում, բայց Արթուր Գրիգորյանի մահից հետո տնօրենի պաշտոնը զիջեցին նրա աղջկան`Արմեն Սարգսյանին թողնելով ձեռնունայն, ուստի թիմակցի հանդեպ «պարտքի» զգացումից ելնելով, նրան որոշեցին տեղավորել նորաստեղծ «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նորաստեղծ ՊՈԱԿ-ում, ինչպես եւ սպասելի էր, առաջին հարվածը ստացել են համույթների տնօրենները, նրանք ազատվել են աշխատանքից, քանի որ միացյալ ՊՈԱԿ-ն արդեն ունի նորանշանակ տնօրենի ԺՊ, որն առաջին հերթին լծվել է պարողներին ատեստավորելու գործին։ Ատեստացիան իրականացվել է 3 օր, բայց արդյունքները դեռ չեն ամփոփել։ Իրականում, ատեստացիան նորանշանակ տնօրենի ԺՊ-ի ձեռքում պատժի գործիք է դարձել՝ զսպելու համար ներքին դիմադրությունը, որը կա պարի համույթներում` Ա․ Սարգսյանի հանդեպ։

«Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ կարող է միայն «Բարեկամություն» համույթի մասին ասել` իրենց մոտ ատեստացիան անցել է լավ, կտրվողներ չեն եղել, ոչ մեկը դուրս չի մնացել։ «Ես իմ անսամբլից շատ գոհ եմ», ասաց նա։ Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են ատեստացիան իրականացրել, ապա ատեստավորողների մեջ են եղել՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Դավիթ Գալստյանը, հայկական պարերի մասնագետ Սրբուհի Բաբայանը, պարուսույց Գագիկ Կարապետյանը, եւ միացյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Մեհրաբյանը չգիտի նորաստեղծ ՊՈԱԿ-ում ով ինչով է զբաղվելու, ով ինչի համար է պատասխանատու․ «Ասում են՝ պետք է պայմանները բարելավվեն, բայց ե՞րբ, ի՞նչ, որտե՞ղ, ի՞նչ սրահ կամ շենք պիտի վերցնեն՝ չգիտեմ, դա իրենց խոհանոցն է, բայց մենք դեռ մնում ենք Ֆիլհարմոնիայում, Պարի անսամբլը Օպերայի վերեւի հարկում, Երգի- պարի պետական համույթը՝ Երգչախմբային միությունում”։ Եթե շենքային պայմանները չեն փոխվում, ամեն ինչ իր տեղում է, ի՞նչն էր խանգարում՝ այդ համույթների տնօրեննե՞րը․ «Չգիտեմ, չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, արդարացրեց այս տարբերակը, թե չարդարացրեց»։

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքի հարցով զբաղվում են․ «Նամակագրություն կա կառավարության հետ, որոշակի պայմանավորվածություններ եւս, քննարկվում է նույնիսկ նոր շենք կառուցել կենտրոնի համար, դեռ քննարկման փուլում է, բայց հստակ դեռ ոչինչ չկա»։

Ինչ վերաբերում է ատեստավորման արդյունքներին, ապա չնայած արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց կտրվողներ կան։ Թե քանի հոգի է դուրս մնացել ատեստավորման արդյունքում՝ դժվարանում է ասել․ «Կա ավելի լավ վիճակում համույթ, կա` մի քիչ ավելի վատ, դա էլ արդեն ստեղծագործական ղեկավարների հետ քննարկում ենք, որ լավացնենք համույթները՝ ավելի մասնագիտական դառնան»,-ասում է նա ու հավելում, որ ատեստավորման գաղափարը իրենն էր։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում դրանով՝ օպտիմալացնե՞լ միավորված կառույցի հաստիքացուցակը․ «Հաստիքները, որպես այդպիսին, չեն կարող կրճատվել։ Պարի համույթում մինիմում 32 հոգի պետք է լինի, այստեղ կրճատելու խնդիր չէր, այլ ավելի որակը բարձրացնելու»։ Ինչ տրամաբանությամբ եւ ինչպես են ատեստավորել պարողներին՝ ով ինչքան բա՞րձր է թռել․ «Պարողների մասնագիտական որակավորում որ անցնում են՝ այդ առաջադրանքներն են, այսինքն, դասական դաս, մասնագիտական գիտելիքներ, քաշ, բոյ եւ այլն, եւ այլն»,-նկատեց Սարգսյանը։

Տնօրենի ԺՊ-ն նշեց, որ միայն համույթների տնօրեները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, այլ նաեւ որոշ մարդիկ` ադմինիստրատիվ կազմից։ Այդ օպտիմալացված հաստիքներից աշխատանքը ինչքանո՞վ է շահել եւ ինչքա՞ն ֆինանս են խնայել․ «Ֆինանս խնայելու խնդիր դրված չի եղել ոչ նախարարության, ոչ էլ իմ կողմից։ Խնդիրը մեկ տեղից կառավարումն է, որ ավելի արդյունավետ լինի»։

Քանի որ չկա մեկ ընդհանուր տանիք, որպես տնօրեն ինքը որտե՞ղ է նստում, թե՞ «շրջիկ» ձեւաչափով է աշխատում․ «Բոլոր խնդիրներին տեղյակ եմ, ստեղծագործական ղեկավարների հետ ամենօրյա կապի մեջ ենք, շրջելու շատ խնդիր էլ չկա, որովհետեւ իրար մոտ են կառույցները տեղակայված»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more