▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլտվություն անորա՞կ դեղ ներմուծելու համար. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման թույլտվություն է տրամադրելու: Սակայն թույլտվություն տրվում է այն ընկերությանը, որի ներկրած դեղերի որակից ՀՀ քաղաքացիները մշտապես դժգոհ են եղել եւ շարունակում են դժգոհել:

 

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Վագա-ֆարմ»-ը կապվում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Ավելին` ասվում է, որ ընկերության 50 տոկոսը նրան է պատկանում:

Ի դեպ, 2013թ. մայիսի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2-րդ կիսամյակի համար կայացած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ն, որն էլ պետք է ներկրեր հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործվող «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի այս ընկերության կողմից ներկրված դեղերի որակի մասով դժգոհության ալիք բարձրացրեցին հոգեկան հիվանդությամբ տառապող հիվանդները: Նրանք մասնավորապես դժգոհում էին, որ այս ընկերությունը ՀՀ է ներմուծում հնդկական հումք ունեցող դեղամիջոցներ, որոնք օգտագործելուց հիվանդներն առողջության հետ կապված խնդիրներ են ձեռք բերում: Սակայն «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Վարսանյանը հակառակն էր համոզում՝ պնդելով, որ դեղորայքի հումքն իսրայելական ծագում ունի: Հիմա այս հիվանդությամբ տառապող մարդիկ օգտագործում են ԱՄՆ-ում արտադրված, Իսպանիայում փաթեթավորված եւ բոլոր երկրներում գրանցված «Զիպրեքսա», «Օլանզապին» դեղերը, որից շատ գոհ են:

Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն անգամ նույնն է պնդում, թե դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, եւ նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Բայց անորակ դեղամիջոցի պատճառով մեծ թվով հիվանդների առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ահա թե ինչպես է պետությունը հոգում իր քաղաքացիների առողջության մասին, ինչի հաշվին էլ միաժամանակ իբր տնտեսում է պետբյուջեի գումարները:

Նշենք, որ վերջերս պետության կողմից դեղորայք ստացող անձիք բաց նամակ  էին հղել ՀՀ վարչապետին՝ դժգոհելով, որ պետական գնումների արդյունքում ձեռք բերված հոգեմետ դեղորայքի որակը վատացել է եւ վատ ազդեցություն է ունենում պետական հոգածության տակ գտնվող հիվանդների վրա:

Հ.Գ. Ի դեպ, դեռեւս նախորդ տարի «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկներ էր կատարել, որոնք ցույց էին տվել, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված յուրաքանչյուր դեղահաբի մեջ մոտավորապես 400-700 դրամ տնտեսում է արել: Նա նախորդ տարվա սկզբին հայտարարված մրցույթում գնել էր առաջարկված ամենաէժան բելառուսական ինսուլինը, որը ինսուլինակախյալ գրեթե բոլոր հիվանդները մերժում են:

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more