Թո՛ղ ինձ վրա քար նետի նա, ով կասի, որ «Իմ քայլը» հիմնադրամը չի աֆիլացվում ՔՊ-ի հետ»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է ԻՔՄ հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ իրեն։
«Այն հիմնադրամները, որոնք աֆիլացված են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների ժամանակահատվածում։ Մենք տեսել ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ նախագահի՝ ընտրությունների վերաբերյալ հրամանագիրը ուժի մեջ մտնելուց հետո շարունակել է իրականացնել բարեգործական ծրագրեր։
Մեր գնահատմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամը աֆիլացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այս գործողությունը համարվում է վարչական իրավախախտում, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք հայցադիմում՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»,- մեկնաբանել է Իոաննիսյանը։
Աննա Հակոբյանը այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել էր, թե պատրաստվում է դատական քայլերի դիմել Դանիել Իոաննիսյանի դեմ՝ իր և «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ արած հայտարարությունների պատճառով՝ պնդելով, որ խախտվել են իր իրավունքները և վնասվել է հիմնադրամի հեղինակությունը։
Աննա Հակոբյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի կինը և օգտվում է պետական ռեսուրսներից։ Նրա գործողությունները ուղիղ կապվում են Փաշինյանի հետ, սակայն վերջինս պնդում է, որ կուսակցության հետ կապ չունի։
Դիտարկմանը, որ ՔՊ-ն քարոզչական գործիքներն օգտագործում է, իսկ ընդդիմության դեպքում օրենքն ավելի խիստ է գործում, Իոաննիսյանը պատասխանեց․ «Եթե այս մասով խնդիր չտեսնեինք՝ չէինք դիմի դատարան։ Տեսել ենք խնդիր, դրա համար էլ դիմել ենք դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով»։
Իոաննիսյանը հավելել է, որ նորմալ է վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից իր դեմ իրավական քայլերի հայտարարությանը։ «Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսել»։
Նա նաև նշել է, որ աշխատել է Աննա Հակոբյանի հետ եւ զարմացած է նրա բերած իրավական հիմնավորումներից։
***
|
Կարդացեք նաև՝ «Իրազեկ քաղաքացիների միովարում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի: |


