▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թռչնաֆաբրիկայի նոր կրքերը. «Ժողովուրդ»

Գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկի) շուրջ աղմկալի պատմությունները ոչ միայն չեն դադարում, այլեւ` ընդհակառակը, նոր տեմպերով են շարունակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ նրան պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկան ՊԵԿ-ի կողմից տուգանվել է:

 

2014թ. հուլիսի 11-ին «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանը Հայաստան է ներմուծել 10 հազար 575կգ ապրանք, որոնց վերաբերյալ փաստաթղթերը, սակայն, նա այդպես էլ սահմանված ժամկետում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Արդյունքում Պետական եկամուտների կողմից հուլիսի 25-ին Խաչիկ Խաչատրյանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանը տուգանվել է 50.000 դրամով: Իհարկե, Խ.Խաչատրյանի թռչնաֆաբրիկայի համար սա մեծ գումար չէ, բայց  փաստն այն է, որ ամենատարրական օրենքները պահպանելը նրանց համար դարձել է խնդիր:

Խաչատրյանի հետ կապված պատմությունները քիչ չեն: Այս տարվա մարտ ամսին տեղեկություններ էին տարածվել, որ Խաչիկ Խաչատրյանը Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աշխատակիցներից 38-ամյա ոմն Վյաչեսլավի հետ էր վիճաբանել: Այնուհետեւ` Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին։ Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձել էր պարզել թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից, ով, սակայն, հերքել էր լուրերը: Այնինչ, ոստիկանությունը պաշտոնապես հաստատել էր միջադեպի փաստը եւ հայտնել, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում: Նշենք, որ այս գործով քննությունը դեռ շարունակվում է: Ու որեւէ մեկը չի կասկածում, որ Ձվերի Խաչիկն այս անգամ եւս ջրից չոր դուրս կգա: Ի վերջո, նա մեծ հարստության տեր է եւ վայելում է իշխանությունների հովանավորությունը:

Նշենք, որ Խաչատրյանի` աշխատակիցների հետ վատ վարմունքը ներքին դժգոհությունների առիթ է հանդիսացել: Ավելին, երբ դանակը հասել էր ոսկորին, աշխատակիցներն այս տարվա փետրվարին նույնիսկ բողոքի ակցիա էին փորձել կազմակերպել: Ինչպես այն ժամանակ գրել էր «Հրապարակ» օրաթերթը, «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները պատրաստվում էին ի նշան բողոքի չմտնել ֆաբրիկա։ Նրանց խոսքով՝ դժգոհությունները վաղուցվանից են կուտակվել եւ խնդիրն աշխատավարձերի չափն է (միջինը 60-80 հազար դրամ), ինչպես նաեւ աշխատանքից անհիմն ազատումները։ «Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,- ասել էր աշխատակիցներից մեկը: Բայց Ձվերի Խաչիկը կարողացել էր լռեցնել նրանց:

Խաչատրյանի հետ կապված աղմկալի պատմությունները շատ են: 2013թ. ապրիլի 4-ին «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում էր տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք` հավկիթի գողության մասին: Ձվերի Խաչիկի աշխատակիցները ֆաբրիկայից գողացել էին 890 արկղ հավկիթ, որը կազմում էր մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Այս գործը 2013թ. սեպտեմբերի 20-ին ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դեկտեմբերի 11-ին դատարանը վճռեց ձվերի գողության համար մեղադրվող Վարդան Մկրտչյանին ու Հովհաննես Մկրոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Մկրոյանը ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեց: Գեւորգ Մկրտչյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դավիթ Հաբեթյանը նույնպես  դատապարտվեց ազատազրկման՝ 3 տարի 10 ամիս 21 օր ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Նրանց փաստաբանները դատավճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինս ուժի մեջ թողեց այն: Դե իհարկե, եթե որեւէ մեկը համարձակվում է Խաչիկ Խաչատրյանի դեմ դուրս գալ, անպայման պատժվում է, իսկ երբ բանը հասնում է Խաչիկ Խաչատրյանին պատժելուն, բոլորը միաբերան լռում են:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more