▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Утром деньги, вечером стулья» կամ հակառակը

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա կայացավ, սակայն չբերեց Հայաստանի կողմնորոշումների հետ կապված այն «հստակեցումը», որ կանխատեսվում էր այցից առաջ: Մինչև այցը, ինչպես ռուսական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում կային կանխատեսումներ, որ Մոսկվան նախագահական ընտրություններում ցուցաբերած ընդգծված և միանշանակ աջակցության դիմաց, ակնկալելու է Հայաստանի կողմից դիրքորոշման որոշակիացում Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը անդամակցության մասով, ինչն իր հերթին կնշանակեր համաձայնություն՝ ընգրկվելու ապագա Եվրասիական միության մեջ:

Սակայն, սպասված «հստակեցումը» տեղի չունեցավ: Պուտին-Սարգսյան հանդիպումն անցավ սովորական ձևաչափով և հնչած պաշտոնական հայտարարություններում արձանագրվեցին մինչև օրս եղած ձեռքբերումները համագործակցության տարբեր ոլորտներում: Բնականաբար առանձնազրույցի ժամանակ կողմերը թերևս անդրադարձել են Մոսկվայի համար այնքան փայփայած «Եվրասիական ինտեգրացիայի» թեմային, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ կամ դեռևս չկան, կամ այդ մասին առայժմ չի հայտարարվում: Հաշվի առնելով այն, որ Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Ս. Սարգսյանը մեկնեց Բրյուսել՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին մասնակցելու, կարելի է արձանագրել, որ եվրոպական կամ եվրասիական ինտեգրման նախագծերի միջև վերջնական ընտրություն չկա և Հայաստանն առայժմ փորձում է շարունակել մանևրել: Այլ հարց է, որ ինչպես և կանխատեսվում էր, այդ մանևրի դաշտը գնալով նեղանում է: Այսինքն՝ մի կողմից Մոսկվան է սպասում դիրքորոշման հստակեցման, մյուս կողմից՝ Բրյուսելը (և իհարկե Վաշինգտոնը) դեռևս չի մարել ինտեգրացիայի կանաչ լույսը Հայաստանի առջև՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի զարգացման միջոցով: Սակայն Արևմուտքում ակնհայտորեն բացասական տեսակետ կա եվրոպական և եվրասիական ինտեգրացիան համատեղելու և զուգահեռելու Հայաստանի իշխանությունների դիրքորոշման շուրջ: Այդ իրողությունը մի անգամ ևս ամրագրվեց Հայաստան այցելած Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ս. Ֆրեյզերի հայտարարությամբ, ով անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համապարփակ պայմանագրի ստորագրման հեռանկարին, նշեց, որ այդ կապակցությամբ խոչընդոտներ կառաջանան, եթե Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության: Եվ այդ «մեսիջը» հրապարակվեց Ս. Սարգսյանի մոսկովյան այցից առաջ, ինչն անշուշտ պատահականություն չէր:

Որքան էլ տարօրինակ թվա, Ս. Սարգսյանի մանևրելու հնարավորությունները մեծացել են նաև Ր. Հովհաննիսյանի շուրջ ձևավորվող ընդդիմադիր շարժման շնորհիվ: Շարժման առաջնորդն արդեն հայտարարել է, որ ինքը դեմ է Հայաստանի անդամակցությանը մաքսային միությանը և բնականաբար ապագա Եվրասիական միությանը: Ուժեղ ընդդիմության առկայության պայմաններում, մանավանդ, որ այդ նույն ընդդիմությունը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները, Հայաստանի գործող նախագահը չէր կարող եվրասիական ինտեգրացիայի հետ կապված որևէ վերջնական դիրքորոշում հայտնել: Հնարավոր է, որ Մոսկվայում առայժմ «ըմբռնումով» են վերաբերվում այդ իրողությանը, բայց ակնհայտորեն՝ առայժմ: Եվ այդ հանգամանքը անշուշտ չի բացառում, որ կառավարությունում տեղի ունենան Կրեմլի ակնկալիքներից բխող փոփոխություններ, որպես եվրասիական ինտեգրացիային «հավատարմության երաշխիք»: Այդպիսի պայմանավորվածությունը սկզբունքորեն բացառված չէ, ընդհուպ նոր վարչապետի նշանակման տարբերակով, և այդ իմաստով ապրիլի կեսին որոշակի տեղաշարժը միանգամայն հնարավոր է:

Ս. Սարգսյանի մոսկովյան այցը փորձ արվեց փոխկապակցել մեկ այլ այցելության: Նույն օրը Մոսկվայում էր նաև Աբխազիայի ղեկավար Ա. Անկվաբը և ռուսական մամուլում կային կանխատեսումներ, թե հնարավոր է Պուտին-Սարգսյան-Անկվաբ եռակողմ հանդիպում, որի ժամանակ քննարկման առարկա կդառնա վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկումը: Ինչպես հայտնի է, Վրաստանի նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդների, դրական դիրքորոշում ունի այս կապակցությամբ, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել են վարչապետ Բ. Իվանիշվիլին, ռեինտեգրացիայի հարցերով նախարար Պ. Զաքարեիշվիլին, իսկ բոլորովին վերջերս նաև պաշտպանության նախարար Ի. Ալասանիան:

Եռակողմ հանդիպում սակայն տեղի չունեցավ: Պուտինն Անկվաբին ընդունեց Ս. Սարգսյանից հետո և ըստ Կրեմլի մամուլի ծառայության, աբխազական կողմի հետ քննարկվել է Մոսկվա-Սուխում հարաբերությունների վերջին 5 տարվա ընթացքը, արդյունքներն ու անելիքները: Երկաթուղու բացման վերաբերյալ ակնարկ անգամ չկա, ինչը վկայում է երկու իրողության մասին: Առաջինը՝ ռուս-վրացական հարաբերություններն են, ուր կա արդեն շոշափելի դրական տեղաշարժ: Սակայն Իվանիշվիլու կառավարությունը դեռևս որոշակիորեն կաշկանդված է մինչև հոկտեմբեր Սահակաշվիլու պաշտոնավարմամբ և «Ազգային շարժում» կուսակցության բավական ծանրակշիռ ներկայությամբ խորհրդարանում: Սահակաշվիլին և իր կուսակցությունը շարունակում են հանդես գալ հակառուսական դիրքերից և Մոսկվայի հետ հարաբերություններում դրական փոփոխության ցանկացած քայլ արժանանում է կտրուկ քննադատության: Այնուհանդերձ Իվանիշվիլուն և «Վրացական երազանք» կոալիցիային հաջողվել է հասնել որոշ արդյունքների: Մասնավորապես Մոսկվան վերանայել է վրացական գինիների ներմուծումն արգելելու 6 տարի առաջ կայացրած որոշումը և մինչև այս տարվա կեսերը ռուսական շուկան կրկին կբացվի, գուցե նաև վրացական հանքային ջրերի համար:

Բայց վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկումը լուրջ քաղաքական համաձայնությունների հարց է, որոնք առայժմ ձևավորված չեն: Դրան դեմ են Ադրբեջանն ու Թուրքիան՝ Հայաստանի թեկուզ մասնակի ապաշրջափակումը թույլ չտալու համար: Անշուշտ երկաթուղին նույն չափով անհրաժեշտ է Մոսկվային, որքան Թբիլիսիին և Երևանին, թեկուզ միայն Հայաստանում տեղակայված ռուսական բազայի սպասարկման, լիարժեք ռազմական տրանզիտի ապահովման տեսանկյունից: Բայց Կրեմլում թերևս որոշել են երկաթուղու վերագործարկման հնարավորությունը առավելագույնս թանկ վաճառել ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի վրա: Ըստ ամենայնի, այդ ուղղությամբ Մոսկվայի ջանքերն ավելի ինտենսիվ ու առարկայական կդառնան, եթե Հայաստանը եվրասիական ինտեգրացիային լիարժեք մասնակցության հայտ ներկայացնի, եթե ոչ եռյակի մաքսային միությանը, ապա առնվազն ԵվրԱզԷսին մշտական անդամակցության ձևով: Պատահական չէ, որ ամբողջովին Ռուսաստանի ազդեցության ուղեծրում գտնվող Աբխազիան վերջնական դրական պատասխան չի տվել երկաթուղու վերագործարկման առաջարկությանը, թեպետ, ակնհայտ է, որ Սուխումի դիրքորոշումն այս հարցում վճռորոշ լինել չի կարող, եթե Մոսկվայում վերջնական որոշում կայացվի: Իսկ այդ որոշումը ըստ ամենայնի պայմանավորված է լինելու երկու հանգամանքով: Առաջինը՝ որքանով Իվանիշվիլին և իր կառավարությունը կկարողանան վերջնականապես ասպարեզից հեռացնել Սահակաշվիլուն ու նրա կուսակցությունը և թույլ չտալ Վրաստանում նախկին ռեժիմի ռեստավրացիան: Եվ երկրորդը, Հայաստանի դիրքորոշման ճշգրտումն է եվրասիական ինտեգրացիայի կապակցությամբ, ինչը անշուշտ պայմանավորված է լինելու նաև հետընտրական զարգացումներով: Կրեմլում առայժմ նախընտրելու են սայլը ձիուց առաջ չդնել:

 

Հեղինակ` Վահան Վարդանյան

Աղբյուրը` «Հայացք» թերթ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more