▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էին

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի․ քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում, ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա  Կարեն Փիլոյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more