▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճռաբեկ դատարանի անդամների մեծամասնությունը պետք է լիներ ազատազրկման վայրերում. «Ժողովուրդ»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը կարողանա ոտքի կանգնեցնել Հայաստանի դատական համակարգը, անհրաժեշտ է փոխել այդ կառույցի կազմը: Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծել է, թե. «Խիստ անհրաժեշտ է Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում փոփոխություններ կատարել, եւ այդ ատյանի կազմը համալրել գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդ կադրերով եւ ոչ թե ստորադաս ատյանների՝ նախկինում արատավորված դատավորներով»: Իհարկե, այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի անդամների մեծամասնությունը ոչ թե այդ կառույցում պետք է լիներ, այլ ազատազրկման վայրերում՝ իրենց թույլ տված հանցանքերի համար, հանրահայտ իրողություն է: Բայց նրանց նշանակել են հենց այդպիսին լինելու համար, քանի որ նշանակողներն առանձնապես հակված չեն արդար դատական համակարգ ունենալուն:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

 

Հարցազրույցն ամբողջությամբ` կարող եք կարդալ նաև ստորև. 

 

ՑԱՎՈՔ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ փաստաբանական համայնքի վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր չէ, որի պատասխանատուն ՀՀ Վճռաբեկ դատարան է:

 

-Պարո՛ն Զոհրաբյան, հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր չէ, ինչպիսի՞ն է փաստաբանների պալատի վերաբերմունքը:

-Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է եւ հասարակության կարծիքի ձեւավորման հարցում մեծ մասնակցություն ունի: Փաստաբանական համայնքի վստահությունը դատական համակարգի նկատմամբ նույնպես բարձր չէ:

-Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, եւ ինչպե՞ս կարելի է դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնել:

-Պատճառներից մեկի վերացման համար պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացնել: Որպես հակափաստարկ, իհարկե, կարելի է ասել բյուջեի սղությունը, բայց վստահ եմ՝ արդար դատական համակարգ ունենալու դեպքում մեր երկրում ներդրումները կավելանան, եւ բյուջեն կլցվի: Պատկերացրեք թեկուզ հարկային համակարգում, եթե քաղաքացին վստահ լինի, որ հարկային ծառայողի անօրինական գործողություններից կարող է դատարանում պաշտպանվել, ապա մեծ սիրով հարկ կվճարի, քան կաշառք կտա հարկային ծառայողին: Իսկ երբ հարկային ծառայողի պահանջած կաշառքը չի տալիս, ու իր նկատմամբ մեծ ակտ է կազմվում, որն էլ քաղաքացին դատարանում չի կարողանում վերացնել, քանի որ որոշ պաշտոնյաների տրամաբանությամբ բյուջեն բարձր է Հայաստանի Սահմանադրությունից, ապա մեր քաղաքացին փորձելու է հարկ չվճարել նույն բյուջե եւ իր հարցը կարգավորել հարկային ծառայողի հետ:

Կոռուպցիոն խոսակցությունները եւ գործարքներն այս ոլորտից չեն վերացել: Ցավոք, որոշ փաստաբաններ այդ գործարքների մեջ ներքաշված են, իսկ կոռուպցիայից պաշտպանվելու օրենսդրական վերջին փոփոխությունն ուղղակիորեն նպաստում է կոռուպցիոն գործարքների ծածկմանը:

-Ի՞նչ օրենսդրական փոփոխության մասին է խոսքը:

-Նախկինում կաշառք տվող անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր հայտնում էր կաշառք տալու մասին, իսկ մոտ 2 տարի առաջ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, եւ այդ անձը կաշառք տալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին: Այս փոփոխությունն ուղղակիորեն նվեր էր կաշառակեր պաշտոնյաների համար, քանի որ կաշառք տալուց հետո 4-րդ օրը հայտնելու դեպքում արդեն պատասխանատվության է ենթարկվում կաշառք տվող անձը: Սա նշանակում է, որ այլեւս անձինք հաղորդում չեն ներկայացնի:

Դատական համակարգի ներկայացուցիչները հաճախ են մատնանշում խարդախությամբ դատապարտված փաստաբանների առկայությունը՝ ցույց տալու համար, թե հենց այդ փաստաբաններն են վարկաբեկում դատարաններին եւ նրանց անունից կաշառքներ են շորթում: Բայց եկեք իրականությունից չկտրվենք, կաշառքի մեջ ներքաշված փաստաբանը լավ գիտակցում է, որ խարդախության դեպքում ավելի քիչ պատիժ կստանա, քան կաշառք տալու դեպքում եւ արդեն իսկ ներկայացնում է իր լեգենդը, որ վստահորդից վերցված գումարը չի փոխանցել դատավորին, այլ խաբելով՝ յուրացրել է: Իհարկե, ես նկատի չունեմ, որ դատապարտված փաստաբանների հետ կապված բոլոր դեպքերը հենց այս սխեմայի մեջ են տեղավորվում:

-Եւ ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում:

-Այս արատները կարող է վերացնել Վճռաբեկ դատարանը, հետեւաբար պատասխանատուն Վճռաբեկ դատարանն է:

Իհարկե, սա չի նշանակում, որ ստորադաս դատական ատյանը՝ վերաքննիչ դատարանը, շատ լավ է աշխատում, իսկ Վճռաբեկը՝ վատ: Հակառակը՝ վերաքննիչ ատյանից շատ դժգոհ են մեր փաստաբանները, սակայն Վճռաբեկ դատարանը ի վիճակի է ստորադաս ատյանի սխալները վերացնել, ինչը չանելով՝ ուղղակիորեն դառնում է հասարակության քննադատություններ թիրախը:

Հանուն արդարության պետք է նշեմ, որ Վճռաբեկ դատարանի երկու պալատներն էլ լավ նախադեպային որոշումներ ունեն, եւ բացառությամբ մի քանի որոշումների՝ մնացած որոշումների որակի մասին շատ քննադատություն չեք գտնի: Փաստաբանների համեստ ակնկալիքը հենց այդ նախադեպային որոշումները կիրառելու հետ է կապված, որոնք հաճախ նույն Վճռաբեկ դատարանի կողմից անտեսվում են:

Վերջին շրջանում անհագստացնում է նաեւ որոշ դատավորների ոչ պարկեշտ վարքագիծը, երբ նրանք նիստերի ժամանակ դատավորին ոչ վայել արտահայտություններ են թույլ տալիս ու մնում անպատիժ: Դատավորը պետք է զսպվածության բարձր որակ ունենա, իսկ արդարադատության խորհուրդն էլ պետք է անզուսպ դատավորներին պատասխանատվության ենթարկի:

-«Ժողովուրդ»-ը փետրվարի 26-ին գրել էր, որ Դուք «Գեղամա» ռեստորանային համալիրում հանդիպել եք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: Այդ ընթացքում Արման Մկրտումյանի հետ չե՞ք քննարկել խնդիրները:

-Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ զրույցներ եղել են դատական համակարգի բարելավման ուղղությամբ: Դրա հետ էր կապված նաեւ մեր փոխադարձ աշխատանքային խմբի ստեղծումը: Հարցերի հարցն այն է, թե արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պետք է շարունակի ընտրել, թե որ բողոքները վարույթ ընդունի, թե պետք է բոլոր բողոքները վարույթ ընդունի: Վերջին դեպքում կստացվի, որ տառացի կրկնօրինակում է վերաքննիչ ատյանին: Ես կարծում եմ, որ միայն Վճռաբեկ դատարանի նախագահը, անկախ անձից, չի կարող դատական համակարգը ոտքի կանգնեցնել:

Թեեւ հույս ունեինք, որ վերջին փոփոխություններով Վճռաբեկ ատյանը կպատճառաբանի իր որոշումները, եւ կանխատեսելի կլինի, բայց, ցավոք, Վճռաբեկ ատյանը դեռեւս անկանխատեսելի է:

-Ի՞նչ կանխատեսելիության մասին է խոսքը:

-Ոչ բոլոր բողոքներն է վարույթ ընդունում: Օրենքով տրված որոշ չափանիշներին համապատասխանող բողոքներն է ընտրում եւ ընդունում վարույթ: Մենք այս զտիչների դեմ, ըստ էության, բողոք չունենք, բայց մեզ համար հասկանալի եւ կանխատեսելի չէ, թե ինչու է Վճռաբեկ դատարանը 100 բողոքից հենց այս 5-ը ընդունել վարույթ եւ ոչ թե մյուս 5-ը: Վճռաբեկ դատարանն իր որոշումներով չի բացահայտում այդ չափանիշները, այլ կերպ ասած՝ չի սահմանում խաղի կանոնները: Իսկ սա նշանակում է՝ մենք ունենք կոռուպցիոն ռիսկ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more