▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խամաճիկիադա. «Ժողովուրդ»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ  նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը: «Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ: Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»,-իր նամակի   հուզախռով բովանդակությունն է երեկ ներկայացրել Հայրիկյանը` նշելով, թե դեմ չէ, որ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո Ս. Սարգսյանը մնա  խորհրդարանական մեծամասնության առաջնորդ եւ ղեկավարի Հանրապետական կուսակցությունը:

Նախագահականի մեր  խիստ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը  նամակն ընթերցելիս նախ` վախից  գույնը գցել է, ապա հասնելով մեջտեղի մասերը, որտեղ Հայրիկյանը դրսեւորելով անասելի մեծահոգություն` այնուամենայնիվ թույլ է տվել իրեն շարունակել  ՀՀԿ-ն ղեկավարել, չի կարողացել զսպել երախտագիտության  արցունքները եւ անմիջապես  գրել է հրաժարականի  դիմումը: Մինչ այդ, սակայն,   հրամանագիր ստորագրելով  Հայրիկյանին  պետբյուջեից եւս քառասուն հազար դոլարով պարգեւատրելու մասին:

Իսկ եթե լուրջ` ապա վերջին նախագահական ընտրություններից հետո, Հայրիկյանը, թվում էր,  էլ չէր կարող ոչինչ անել` գերազանցելու համար քաղաքական կլոունդադայի` իր իսկ կողմից սահմանված անգերազանցելի ռեկորդները,  բայց, պարզվում է,  ԱԻՄ երբեմնի ( ավելի ճիշտ` երբեմնի ԱԻՄ-ի) առաջնորդի հնարավորությունները թերագնահատել էինք:

Այլապես`  Հայրիկյանը երեսատեղ չէր ունենա իր բաց նամակում գրել. «Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ»: Ընդ որում` խոսքը ոչ միայն 2013-ի ընտրություններում ՍԴ դիմել-չդիմելու  թատրոնի մասին է, այլեւ Հայրիկյանի՝ շատ ավելի վաղ շրջանի` դեռեւս  1990-ին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո թույլ տված սխալների, որոնց արդյունքում  «հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ»:

Եվ եթե այսօր Սերժ Սարգսյանն իր կայացրած խայտառակ, ապազգային որոշումներն  առանց որեւէ խնդրի փաթաթում է ողջ հայ ժողովրդի վզին, դրա առաջնային մեղավորներից մեկն էլ հենց քաղաքական այնպիսի խամաճիկներն են, ովքեր  մեկ հայտարարում են, թե Սարգսյանը միայն իրենց դիակի վրայով նախագահ կդառնա, ապա  շտապում են հետաքրքրվել «տիկին Ռիտայի որպիսությամբ», տասնյակ հազարավոր մարդկանց խոստանում են «զադնի չդնել», ապա տալով   ոստիկանների մահակների բերանը`  աճապարում են նրանց պետի հետ աղոթել: Եվ կամ` ունենալով եզակի հնարավորություն` խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը`  ծախվում են երեսուն արծաթով, կամ քառասուն հազար դոլարով:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more