▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշտանգելով ցուցմունք են կորզել

Քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին:

Խաչիկ Մ.-ի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում Հարություն Մ.-ն, իսկ հետագայում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արկադի Մ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ խմբով բռնություն են գործադրել իրենց նկատմամբ ու դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ, պահանջել են խոստովանել իրենց կողմից իրականում չկատարված՝ քաղաքացի Ա. Գ.-ին պատկանող բնակարանի գողության դեպքը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Արկադի Մ.-ի և Հարություն Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more