▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը. Պետրոսյան

Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/sahman.jpg

««Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը։ 

Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

Ըստ էության, ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։

Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։

Հարկ է նշել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդեն իսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։

Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։

Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը,  ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել  ցանկացած եղանակով դրա իրականացման համար։

Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more