▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է տեղի ունեցել, սպա է սպանվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների և քաղաքացիական անձանց միջև։

«Հրապարակ»-ն է գրում ու նշում,որ կայքի տեղեկություններով վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգին` զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գևորգ Մարգարյանին և սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գևորգ Մարգարյանին և Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը պատմել է՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։ Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են` դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։ Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին և որովայնին, հարվածներ են հասցրել նաև նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։ Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։ Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։ Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,- պատմել է հորեղբայրը։

Քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված անձանց, այդ թվում նաև հանցագործությունն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more