▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խումբը տարակուսած է Ազնավուրի հայտարարության առնչությամբ

 Շվեյցարիա-Հայաստան  պատգամավորական բարեկամության խումբն  արձագանքել է Շառլ Ազնավուրի` շվեյցարական «RTS» պարբերականին տված հարցազրույցին, որտեղ հանրահայտ շանսոնյեն ասել էր, որ  Թուրքիայի կողմից 1915թ. իրադարձությունների ճանաչման հարցում «թքած ունի ցեղասպանություն բառի վրա»: Այս մասին գրում է Նյուզ.am-ը: «Nouvelles d'Arménie»-ի հաղորդմամբ`  Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հայտարարության մեջ նշվում է, որ հարցազրույցի ժամանակ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի արտահայտությունն անզգույշ եւ անհաջող էր. «Պրն Ազնավուրն ասել է, որ «թքած ունի ցեղասպանություն բառի վրա», մոռանալով, որ Շվեյցարիան միշտ եղել է  այդ հանցագործության զոհը դարձած ժողովուրդների պաշտպանը: Բացի այդ, Ազնավուրը բացարձակապես մոռացել է, որ իր հարցազրույցից մի քանի օր անց հայկական պատվիրակությունը Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդում պետք է կարեւոր բանաձեւ ներկայացներ  ցեղասպանությունների կանխման վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ: Խորհրդարանական բարեկամութան խումբը հարցադրում է անում, թե որն է Հայաստանի կառավարության բուն նպատակը, որը միջազգային ասպարեզում ներկայացուցիչ է նշանակել մի մարդու, ով, թվում է, ամբողջությամբ չի գիտակցել իր ժողովրդին ոչնչացրած հանցագործության ճանաչման համար պայքարի ողջ իմաստը: «Պարզապես անհասկանալի է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը կարող է նսեմացնել ցեղասպանության տերմինը` նվազեցնելով հանցագործության ծանրությունը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին  այդ կերպ սողանցք թողնելով Թուրքիայի համար»,-նշվում է  Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին