Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ երեկոյան,Գագիկ Ծառուկյանի ու Արթուր Բաղդասարյանի միջև վեճ է տեղի ունեցել: Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք անգամ հայհոյել են միմյանց:
Այսօր առավոտից մամուլում մի քանի տարբեր վարկածներ ու մեկնաբանություններ են շրջանառվում:
«Եղել է տղամարդավարի խոսակցություն՝ 2 տղամարդու միջև՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բոլորին հայտնի է, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Զրույցը եղել է այս թեմայի շուրջ, որը քաղաքակիրթ ավարտ է ունեցել: Նրանք հեռացել են իրենց մեքենաներով՝ յուրաքանչյուրը մնալով իր տեսակետին»,- ASEKOSE.am-Ի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը՝ մեկնաբանելով տեղի ունեցած միջադեպը:
Նրա խոսքով՝
«Մամուլում գրվում է, որ վեճ է տեղի ունեցել, միմյանց հայհոյել են, անհավանական ժանրեր են մեջբերում, նման բան չի եղել, միմյանց չեն հայհոյել, քանի որ քաղաքակիրթ մարդիկ են և նրանց մակարդակը թույլ չէր տա»:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ով համառորեն չպատասխանեց զանգերին: Սակայն, հատկանշական է, որ համացանցում ակտիվորեն շարունակվում են Գագիկ Ծառուկյանի շահերից բխող տեսակետներ շրջանառվել: