▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնոր­հակալ եմ... Մանրամասներ և լուսանկարներ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը:  ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր:

Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

 

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը

ՀՀԿ խորհրդի նիստում

 

Բարև ձեզ,

Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտո­նում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղա­կալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Այս օրերի ընթացքում ես հանդիպել և զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ և լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ-շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել և խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Եվ այսօր ձեզ պետք է ասեմ հետևյալը. 

  1. Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրա­պետական կու­սակ­ցության մեջ ստանձնած դերակա­տարությամբ, իր փորձով և կազմա­կերպ­չական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կա­ռավարությունը:
  2. Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահա­վատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միաս­նականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերու­թյունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաս­տիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգու­թյունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարա­տել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միա­վորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրա­համյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականու­թյանը:

 

  1. Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահեր­թու­թյուն­ների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:

ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված  հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապար­հով: 

բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:

գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.

                 - նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,

- նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,

- նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանա­ռություն­ների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանա­ռու­թյան սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,

- նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:

            Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատու­թյուն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակում­ներից:

ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետա­կան բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:

Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխա­տելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բա­նաձևով:

Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին:

Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տա­րիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի հա­մար, բոլոր այն էական ձեռքբե­րում­ների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավա­րության կողմից, և նորա­նոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռ­նություն­ներում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնոր­հակալ եմ և մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը տաժանակիր աշխատանք է, և բոլոր նրանք, ովքեր նվիրվում են աշխատում, անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, բոլոր ժամա­նակների համար միշտ այդպիսի մարդը լինելու է ընկալելի, ընդունելի և հարգանքի արժանի: Իհարկե, մեր իրականության մեջ գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատել են, այնուհետև կա՛մ անկախ իրենց կամքից, կա՛մ օրենքի պարտադ­րությամբ հեռացել են իրենց պաշտոններից, ցավոք սրտի, մշտապես իրենց հաջողությունները փնտրում են ներկաների ձախողման մեջ: Սա շատ վատ հանգամանք է, և կա նաև մի այլ, իմ կարծիքով, շատ պախարակելի միտում, նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողու­թյունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը և Հայաս­տանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու: Մենք մեկ թիմ ենք, միասնական թիմ ենք և բոլորիս համար անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, շատ էական է այդ թիմի հաջողությունը: Շատ-շատ շնորհակալ եմ, Տիգրան:

Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք:

Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառա­վարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոս­տանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում:

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ:

 

 

ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը

 ՀՀԿ խորհրդի նիստում

Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման և այդ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակ­ցությանս այս ուժեղ և հիմնավոր աջակցության համար:  Շնորհակալ եմ նաև Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում:

Պարո՛ն Նախագահ, 

Ամբողջու­թյամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին:

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխա­նատվությունը ժողովրդի կենսա­մակարդակը բարձրացնելու համար:

Ակնկալում եմ նաև կառուցողական աշխատանք Ազգային ժո­ղովում ներկա­յացված բոլոր քաղաքական ուժերի հետ:

Պարո՛ն Նախագահ,

Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար: Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով:

 

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի խոսքը

 ՀՀԿ խորհրդի նիստում

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:

Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել:

72157643895172235

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին