▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի հայտարարությունը Մեծ եղեռնի վերաբերյալ իր նպատակին ծառայեց

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի շրջանակներում իր նպատակին ծառայեց: Թուքիան ի դեմս Էրդողանի հերթական անգամ թոզ փչեց աշխարհի, հատկապես Արևմուտքի աչքերին, թե իբր ցանկանում է տեղից շարժել հայ-թուրքական այդպես էլ չկայացած երկկողմ հարաբերությունները, իսկ Արևմուտքն առանց երկար-բարակ «մտածելու» հալած յուղի տեղ ընդունեց Էրդողանի ասածը:

Երեկ, թե´ ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջեն Փսակին, թե Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել են Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը, ասել է թե ողջունել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Ջեն Փսակին մասնավորապես ասել է հետևյալը` «Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. ընթացքում հայերի կրած տառապանքների պատմական փաստի հրապարակայնորեն ընդունումը: Հույս ունենք, որ ապագայում կարող է տեղի ունենալ փաստերի ամբողջական ու արդարացի ճանաչման դեպք, ինչը կնպաստի հայերի ու թուրքերի հաշտեցմանը։» Ֆյուլեի արձագանքն ըստ էության նույն շեշտադրմամբ էր: Վերջինս էլ իր հերթին ասել է, որ ողջունում է վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերի վերաբերյալ, քանի որ հաշտեցումը ԵՄ կարևոր արժեք է և վերջում էլ հույս է հայտնել, որ այս ոգով անպայման 
քայլեր կարվեն:

Անկեղծ ասած ես չեմ կարծում, որ ԵՄ-ում, կամ էլ ԱՄՆ-ում այնքան միամիտ են և ամբողջությամբ չեն կարդացել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որպեսզի կարողանային ավելի խորը վերլուծություն անել դրա բովանդակության և ուղերձի վերաբերյալ: Ընդհակառակը, նրանք շատ էլ լավ հասկանում են, թե որոնք են Թուրքիայի իրական դրդապատճառները նման հայտարարություններ անելու համար:

Ինձ մոտ չգիտես թե ինչու այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը պարզապես առիթ է փնտրում, որպեսզի խուսափի Թուրքիային քննադատել այս հարցում, առավելևս երբ դրա համար համապատասխան նախադրյալներ չկան Արևմուտքի և Թուրքիայի հարաբերություններում: Վստահ եմ, որ Արևմուտքում լավ էլ կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, եթե հանկած Թուրքիան մի քիչ շեղվի իրենց համար նպաստավոր քաղաքական կուրսից: Իսկ քանի դեռ այդպիսի բան չի եղել, իսկ Թուրքիան էլ լավ առիթ է տալիս իրենց համար խուսանավելու այս հարցից, նրանք պահը չեն կորցնում դրանից օգտվելու համար:

Դժբախտաբար իրականությունն ինձ այսպիսին է թվում:

Վազգեն Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին