▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը հայտնվե՞լ է ռուսական քաղաքական ինտրիգի սարդոստայնում

Բոլորը խոսում են ՌԴ Պետդումայի պատգամավորի` կաթողիկոսին, Ռուսաստանի թեմի առաջնորդին ու Արա Աբրահամյանին հղված ուղերձներից: Քննադատում կամ թերագնահատում են ռուսներին: Սակայն այս պահին ռուսներից շատ ավելի լուրջ մարտահրավերի առաջ կանգնած ենք մենք, ավելի կոնկրետ մեր Եկեղեցին, Մայր Աթոռը, Վեհափառը

Այն, որ ռուսները արդեն քանիցս շահարկել են Ավակովի հայ լինելը դա անառարկելի փաստ է: Հենց միայն պատգամավոր Նիլովի ներկայացրած կուսակցությունը, որը երկրում մեծությամբ ու հզորությամբ կարծեմ երրորդն է, կուսակցության առաջնորդի մակարդակով, ի դեմս Ժիրինովսկու նույնիսկ Պետդումայի նիստի ժամանակ է «քլնգել» Ավակովին իր հայկական արմատները ուրանալու, ազգանունը փոխելու և այլնի համար:

Միաժամանակ նաև, հայտնի է, որ Ժիրինովսկին, ով Ելցինի վարչակազմի օրոք ամենասուր քննադատությանն էր ենթարկում Ելցինին ու նույնիսկ ծաղրում, այսօր Պուտինի համար յուրօրինակ գործակից է, և այն ինչ Պուտինը մտածում ու չի ասում, ասում է Ժիրինովսկին իր կուսակիցներով, ու ասում է բավական սուր կերպով, տիպիկ ագիտպրոֆականի նման, Պուտինի ճաշակին համահունչ: Հետևաբար, պատգամավոր Նիլովի հայտարարությունները սոսկ անձնական նախաձեռնություն չեն, այլ Կրեմլից իջեցված հրահանգ:

Չեմ կարծում երեսուներկուամյա պատգամավորն առանց Պուտինի համաձայնության նման հարց բարձրացներ: Ու հիմա շատ լուրջ է արձագանքի հարցը: Չպետք է մոռանալ, որ Ուկրաինայում մենք ունենք գրեթե վեց հարյուր հազարանոց համայնք ու այստեղ կարող է լուրջ հարց առաջ գալ ուկրաինահայ համայնքի անվտանգության առումով: Սակայն անարձագանք թողնելու դեպքում էլ չի բացառվում, որ պուտինյան վարչակազմի հետ խնդիրներ սկսի ունենալ ինչպես Մայր Աթոռը, այնպես էլ տեղի թեմը, որի առաջնորդն ի դեպ վեհափառի հարազատ եղբայրն է: 

Արձագանքի դեպքում դեռ հարց է թե ինչ ռեակցիա կլինի սփյուռքից, եթե ռեակցիային հաջորդեցին ուկրաինաբնակ հայերի հանդեպ ճնշումները: Չեմ ուզում մտածել, թե այս կերպ Պուտինն իրեն է ենթարկում նաև Առաքելական Եկեղեցին ու Մայր Աթոռը, սակայն, որ կողմից էլ հարցին մոտենաս, զգացվում է հակաեկեղեցական, հակաէջմիածնական նուրբ ինտրիգի հոտը: 

Անկախ ամեն ինչից կարծում եմ այս պահին ավելի մեր Եկեղեցու Մայր Աթոռի ու Վեհափառի մասին պիտի մտահոգվենք, որ հնարավորինս անփորձանք հաղթահարվի այս մարտահրավերը կամ փորձությունը, քան ռուսական կողմի ճիշտ կամ սխալ լինելու:

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին