▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նավթափայլ սուլթանը» մոռացել է 20 տարվա վաղեմություն ունեցող իր ծրագրի մասին

Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկեց անդամակցություն նոր ստեղծված Եվրասիական տնտեսական միությանն առանց Ղարաբաղի: Իբրև փաստարկ, նա նշեց, որ Հայաստանը նման ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ շեշտելով, որ նախադեպ կա: Հատկանշական է, որ նա դրա համար վկայակոչեց Բաքվից ստացած նամակն ու խորհուրդ տվեց չնեղացնել ադրբեջանցի գործընկերներին: Այսինքն, ստացվում է, որ այդ հսկա կառույցը ենթարկվում է Ալիևի կամքին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկություն էլ չունի անդամակցելու դեռևս չստեղծված կառույցին:

Նման հայտարարությունը նշանակում է, որ ԵՏՄ-ը, որը դեռևս կազմավորման փուլում է, չունի հստակ կառուցվածքային ու ֆունկցիոնալ բովանդակություն, քաղաքական փորձառություն, որը կենսունակության փորձաքարն է: Ակնհայտ է, որ այն ունի հստակ ընդգծված ֆրագմենտար և ոչ համընդհանուր շահ, որը դրսևորովում է էներգառեսուրսների և քաղաքակրթական տիրույթում: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանն առանց Ղարաբաղի, ապա պետք է նշել, որ այստեղ զարմանալի բան չկա, քանի որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Խնդիրն այլ հարթության մեջ է. 


1.կառուցակարգային՝ Հայաստան-Ղարաբաղ առևտրա-տնտեսական հարաբերությունների ֆորմալ փոփոխություն,
2. իրավակարգավորման՝ մաքսակետերի ռեժիմային իրավական կարգավորում,
3. քաղաքական՝ երբ ԵՏՄ անդամները կստիպեն Հայաստանին հետևել իրենց սահմանած ընթացակարգերին Ղարաբաղի մասով:

Հետևաբար, խնդիրը ներքին համաձայնության մեջ է, որ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև չգործի մաքսային ռեժիմ: Պետք է դիրքորոշումները հստակեցնել, ըստ որի՝ Ղարաբաղը ոչ թե մտնում է Եվրասիական տնտեսական միության կազմ, այլ՝ տարածություն: Ուշագրավ է Լուկաշենկոյի միտքը. «Չճանաչված պետություններն ինտեգրված են ՄՄ անդամ կամ անդամակցել ցանկացող պետությունների տնտեսությունում, հետևաբար՝ սխալ կլինի այդ պետությունների նկատմամբ կիրառել որևէ տնտեսական արգելք»: Ճիշտ է, սա Մաքսային միության վերաբերյալ արված արտահայտություն է, բայց կարևոր է դրա քաղաքական բովանդակությունը, եթե այնտեղ հնարավոր է, ապա ԵՏՄ-ում նույնպես կարող է հնարավոր լինել: 

Իսկ ինչ վերաբերում է Համաշխարհային բանկին, ապա պետք է նշել, որ վերջինս Հայաստանի առջև Ղարաբաղի հետ հարաբերություններում որևէ մաքսային կամ տնտեսական արգելք կամ կանոնակարգ չի մտցնում, իսկ պատրա՞ստ է, արդյոք, Ղազախստանը նմանօրինակ մոդելի: Կարծում եմ՝ սրանք են գլխավոր շեշտադրումները, որոնք պետք է հստակ շարադրվեն բանակցային գործընթացում: Նույն Նազարբաևը դեռևս 1994 թ. ներկայացրել էր Եվրասիական միության մանրազնին ծրագիր, որտեղ չէր բացառել, որ այդ կառույցին կարող են անդամակցել նաև Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը և ԼՂՀ-ն:

Եթե Եվրասիական միությունում, որը բացառապես քաղաքական կառույց է լինելու, չի բացառվում ԼՂՀ անդամակցությունը, ապա Եվրասիական տնտեսական միությունում, որն ավելի շատ տնտեսական կազմավորում է, տրամաբանորեն պետք է ավելի հեշտ լիներ անդամակցությունը: Ճիշտ է, «նավթափայլ սուլթանը» հնարավոր է՝ մոռացել է 20 տարվա վաղեմություն ունեցող իր ծրագրի մասին, բայց, ինչպես ինքն է նշում, նախադեպը կա:

Արման Սահակյան

Հիշեցնենք, որ Հայաստանը մինչև հուլիսի մեկը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի պայմանի հետ. միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին