Ղազախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ «Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ Մաքսային միության սահմանի մասին հարցը բաց է մնում` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված»:
Հետաքրքիր զուգադիպությամբ, Հայաստանի հետ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրելու օրերին, ՌԴ-ն վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ առևտրի մասին համաձայնագիրը, որոնցով հանվում է ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը: Իսկ դա նշանակում է` նույն Նազարբաևի կողմից չճանաչված Հվ. Օսեթիան և Աբխազիան ևս դարձան ՄՄ տարածք:
Պատահական չէր Աբխազիայի ու Հվ. Օսեթիայի հետ, մաքսատուրքերը հանելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման ժամանակահատվածը, ինչը լավագույն ինդիկատորն է` ցույց տալու, թե Մոսկվան նման դեպքերում ինչ է մտածում ու ինչպես է գործում:
Հասկանալի է, որ Նազարբաևն Ադրբեջանին կապված է բազմաթիվ թելերով ու այդ համատեքստում փորձում է ոչ միայն պահել բարեկամական հարաբերությունները իր համար այդքան կարևոր Ադրբեջանի հետ, այլև իր որոշումը «թանկ վաճառել» Ռուսաստանին` ՄՄ-ի շրջանակներում ընթացող գործընթացներում առավել շահեկան դերում հաստատվելու համար:
Միաժամանակ ՌԴ-ում լավագույնս գիտակցում են, որ ԼՂ հարցը Հայաստանի ցանկացած իշխանության համար կարևորագույն խնդիրն է ոչ միայն այն պատճառով, որ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցն է, այլ նրանով, որ ոչ մի խնդիր չի կարող իշխանության դիրքերը ցնցել այնպես, ինչպես այդ հարցում իշխանության կողմից ցանկացած հետքայլ:
Ավելին, պատմությունը ցույց է տվել, որ այդ հարցում նույնիսկ փոքր-ինչ անզգուշություն դրսևորողները ուղղակի հեռացվում են իշխանությունից: Այս իրավիճակում, պաշտոնական Մոսկվան չի կարող Հայաստանին առաջարկել կամ նույնիսկ պարտադրել այնպիսի հարց, որը ԼՂ հարցում, Հայաստանի համար, նոր խնդիրների առաջացման ռիսկ է պարունակում:
Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, Արցախի` առավել շահեկան դերում հայտնվելը ոչ թե ՌԴ-ի «բարեհաճության», այլ Հայաստանի կողմից շրջադարձային` Մոսկվայի համար ոչ ցանկալի ուղղությամբ քայլեր կատարելու վտանգի արդյունքն է:
Նազարբաևն իր որոշումները «թանկ է վաճառում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet