«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը, ասաց, որ բնականաբար կառավարության հրաժարականի պատճառը ծրագրի կատարման ձախողված լինելն էր:
«Բնականաբար կլինեին ներկայացուցիչներ, ովքեր կասեին ամեն ինչ նորմալ է, ուղղակի կառավարության ներկայացուցիչը արթնացավ, որոշեց առավոտյան հրաժարական տալ: Հեքիաթ էր դա: Ուղղակի կարողացք ճարպիկ գտնվել և այն քաղաքական միջոցառումները, որոնք պատրաստել էինք ապրիլի 28-ի համար, դուք կարողացք Ձեր հնարավորություններն օգտագործելով այդ սցենարը ինչ-որ տեղ ձախողել: Եթե իսկապես խնդիր եք դրել՝ այս ծանր վիճակից հանել երկիրը, առնվազն նորմալ քննարկում պետք է ծավալեինք: Դուք չպայքարեցիք կոռուպցիայի դեմ, որովհետև ձեռնտու չէ: Ծրագրում կար, որ պետք է պայքարեիք ստվերի, մենաշնորհների դեմ: Լինելու է այն, ինչ եղավ այն կառավարությա նն հետ: Նրանք, ովքեր ձեզ ասում են՝ դուք ավելի գեղեցիկ եք, ինտելեկտուալ, ձեզ խաբում են: Ոչ գեղեցիկ եք, ոչ ինտելեկտուալ, ոչ էլ կարող եք այդ բեռը տանել: Հարց է առաջանում՝ ինչով ենք զբաղված այստեղ: Համակարգը հակացուցված է նորմալ գործ անելուն: Այս պահին թափառում է սահմանադրական բարեփոխությունների հարցը: Դա ընդամենը ուշադրությունը շեղելու ձև է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա հորդորեց հարգել այն մարդկանց, ովքեր չեն ուզում ինքնախաբեությամբ զբաղվել: «Կառավարության կատարողականի մեջ առավել շատ մեղավոր է ԱԺ քաղաքական մեծամասնությունը: Ատամներով պաշտպանում էիք կառավարությանը, բա հիմա էլ պաշտպանեք: Քիչ է մնում՝ ծնելիության աճը պայմանավորեք սահմանադության բարեփոխումներով»,-նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակին՝ հատկապես «պարտադիր» բաղադրիչին, Ռուբեն Հակոբյանն առաջարկեց բառերի տեղը փոխել. «Փոխեք պարտադրված է, բայց ոչ պարտադիր»,-հեգնեց պատգամավորը:
Անի Կարապետյան