▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության այս մակարդակը պահպանվում է բացառապես հայկական բանակի շնորհիվ

Վերջին օրերի սահմանային աննախադեպ լարվածության, առաջնագծում տիրող իրավիճակի, Ադրբեջանի սանձարձակության հավանական պատճառների, միջազգային հանրության անհասցե արձագանքի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ.

-Վերջին օրերի լարվածությունն, իսկապես մտահոգիչ է: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ է կատարվում առաջնագծում:

-Ակնհայտ է, որ Ադրբեջանը բավական  լայնամասշտաբ գործողություններ է սկսել՝ դիվերսիոն ներթափանցման փորձեր, սահմանային հարձակման գործողություններ, դիպուկահարների գործողություններ և այլն, և իրենց չափերով դրանք իսկապես անհամադրելի են  վերջին տարիներին եղած նման բոլոր փորձերի հետ: Ահամադրելի են նաև Ադրբեջանի կորուստները՝  իր իսկ ձեռնարկած գործողությունների պատճառով: Այս փուլում ակնհայտ է,  որ իրավիճակը գնալով ավելի ու ավելի լարված է դառնում: Ըստ էության՝  Ադրբեջանում որոշել են նման ճանապարհով ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ շահել՝ միգուցե արտաքին գործընկերների հետ հարաբերություններում կամ ներքին խնդիրների հետ կապված՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: Բայց բոլոր դեպքերում՝  պատճառները կարևոր չեն, էական է այն փաստը, որ այս պահին,  ըստ էության,  պատերազմական իրավիճակ է: Առկա են դրան հատուկ բոլոր բաղադրիչները՝ զոհեր, գերիներ, հարձակումներ: Իրավիճակը լոկալ բնույթ է կրում և լայնամասշտաբ պատերազմի դեռևս չի վերածվել: Կարծում եմ՝  հայկական կողմի համաչափ գործողությունները և բավական խիստ պատժիչ միջոցառումները կարող են լինել զսպող գործոն՝  լայնամասշտաբ պատերազմի վերսկսման տեսակետից: Սակայն այս փուլում կարող ենք փաստել, որ սցենարը զարգանում է դեռևս վատագույն ուղիով:

- Ադրբեջանի հերթական ակտիվությունը կարո՞ղ է պայմանավորված լինել նախագահների հնարավոր հանդիպումով:

-Ճիշտն ասած՝ դժվար է ասել, թե  ինչով է պայմանավորված, բայց կարծեք թե օրինաչափություն է, որ ամեն անգամ հանդիպումից առաջ ադրբեջանական կողմն ակտիվացնում է իր գործողությունները:  Նախագահների հանդիպման թեման, սակայն,  նոր չէ, որ օրակարգ է մտել: Այն պահից ի վեր, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում էր հրավիրել, այս հարցն օրակարգում է: Այն ժամանակ Ալիևը հրաժարվեց հանդիպումից: Ակնհայտ է՝ պաշտոնական Բաքուն փորձում էր ցույց տալ, որ այլևս հետաքրքրված չէ  բանակցային գործընթացով և փորձում է այլ մեթոդներով հասնել իրավիճակի փոփոխության: Փաստացի,  սահմանի լարվածությունը դրա վկայություններից մեկն է: Ես համոզված եմ, որ նախատեսված հանդիպումը, եթե կայանա, ավելի շատ պարտադրված հանդիպում է լինելու՝  պայմանավորված հենց սահմանային լարվածությամբ: Այսինքն՝ հանդիպումը չի դարձել ակտիվության պատճառ, այլ հակառակը՝ նրանց ագրեսիայի քանակի մեծացումից է բխում  նման հանդիպման անհրաժեշտությունը:

-Միջազգային արձագանքը, ինչպես և սպասելի էր, կրկին անորոշ ու անհասցե էր, սակայն ուշադրության է արժանի հատկապես ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը, որը ևս անհասցե կոչ էր…

- Պետք է ասեմ, որ միջազգային հանրության հենց նման մոտեցումն է պատճառ դարձել, որ այսօր Ադրբեջանը կարղանում է նման սանձարձակ կերպով իրեն դրսևորել: Միջազգային ճնշումը՝ որպես գործոն, ըստ էության բացակայում է, և խաղաղության այս մակարդակը պահպանվում է բացառապես հայկական բանակի ջանքերի շնորհիվ: Ըստ էության՝  նույն այդ միջազգային հանրություն կոչվածը չի պատրաստվում հրաժարվել իր նախկին  ամորֆային քաղաքականությունից: Հավանաբար, վտանգի չափսերը չեն պատկերացնում ոչ Մոսկվայում,  ոչ Վաշինգտոնում, ոչ Փարիզում: Հակառակ դեպքում՝  վաղուց էր առաջ եկել հստակ հասցեագրված մեղադրանքներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Բոլոր այս երկրները շարունակում են շրջանցել խնդիրը  և հստակ քայլեր չեն ձեռնարկում  Ադրբեջանին  զսպելու համար:

- Քարոզչական ճակատում ևս պատերազմը սրվել է:  Այս առումով ի՞նչ իրավիճակ է տիրում:

-Լրատվամիջոցների  բնույթն է, ցավոք,  վերջին տարիներին հնարավորություն տալիս սենսացիա ներկայացնել: Մարդիկ ինչ-ինչ մրցակցության մեջ են և փորձում են դրա շնորհիվ նոր այցելություններ ապահովել: Բացի դրանից՝  կա երկրորդ գործոնը. կան լրատվամիջոցներ, որոնց ընդհանրապես չի հետարքրում, թե ինչ տեղի կունենա սահմանում և ընկնում են արտաքին ազդեցությունների տակ: Այսինքն ՝ ով ինչպես կարողանում է, փորձում է ինֆորմացիոն հոսքերը մանիպուլացնել և իրեն հարմար եղանակով հասցնել հանրությանը: Այս պահին սրված է հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը: Դա երևում է և միջազգային մակարդակում, և լոկալ, երբ տեխնիկական միջոցներով  փորձում են խոչընդոտել  հակառակորդի  կայքերի աշխատանքին: Այս պահին և մենք, և Ադրբեջանը ունենք չաշխատող կայքեր:  Այս ամենը օրինաչափ է:  Երկու երկրների՝  նման պայքար մղելու համար առանձնապես առիթներ պետք չեն: Այսինքն՝  տեղեղեկատվական հակամարտությունն ըստ էության երբեք չի դադարել: Բնական է, որ ինչքան սահմանում իրավիճակը լարված լինի այնքան շատ են լինելու հասարակությունների վրա փոխադարձաբար ներազդելու փորձերը: Իմ կարծիքով՝ հայկական կողմը բավական շահեկան վիճակում  է այս տեսակետից:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին