▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ որոշումը հաղթանակ է Հայաստանի համար. Ամալ Քլունի և Ջեֆրի Ռոբերթսոն

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։

«ՄԻԵԴ-ը վճռեց, որ հայցվորի խոսքի ազատության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը բացառապես կասկածի տակ չառավ 1915թ. հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստը, ինչը նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են»,-նշվում է հայտարարության տեքստում:

Ինչպես նշում է asbarez.com-ը, փաստաբանները նաև մանրամասնել են, որ Հայաստանի կառավարությունը միջամտել է այս գործին միայն այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի ստորին պալատն ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ցեղասպանության փաստը։

«Ուստի մենք` որպես փաստաբաններ, որոշեցինք ուղղել այս կոպիտ սխալը, ու ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հենց այդպես էլ վարվեց։ Այսօրվա դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը. ավելին` 10 դատավորներն ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ դատավորներից 7-ը հայտնեցին, որ Հայոց ցեղասպությունը պատմականորեն հաստատված փաստ է։ Բացի այդ, տվյալ դատավճիռը սատարում է հայերի` իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը»,- նշել են փաստաբանները։

Քլունին և Ռոբերթսոնը նաև հավելել են, որ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը կարևորող դատավճիռը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի համար, որտեղ արձանագրված են վատագույն ցուցանիշները խոսքի ազատության բնագավառում։

«Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի և նրա պես մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումները` վերջիններին մեղադրելով 301-րդ հոդվածը խախտելու, այն է՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Մենք բոլորս կոչ ենք անում չեղարկել այդ հոդվածն ու դադարեցնել դրա շրջանակում իրականացվող բոլոր հետապնդումները»,-նշել են փաստաբանները։

Հիշեցնենք, որ 2007-ի  մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման համար` այն անվանելով «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով: 

Դատարանի որոշման մեջ ասված է.

«Դատարանն ընդգծում է, որ այն լիազորված չի եղել պարզել, թե արդյո՞ք հայ ժողովրդի կոտորածները եւ զանգվածային տեղահանությունը Օսմանյան կայսրությունում կարող է բնորոշվել իբրեւ «ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի»:

Որոշման մեջ նաեւ նշվում է, որ ՄԻԵԴ–ից չի պահանջվում սահմանել` արդյոք 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող են բնութագրվել որպես Ցեղասպանություն, եւ որ ՄԻԵԴ–ը իրավասություն չունի այս հարցի վերաբերյալ իրավական ուժ ունեցող գնահատական տալ։

Նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։

Նշենք, որ նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին