ԱԺ քառօրյայում սկսվել էՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկումները, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:
Այն ներկայացնում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ներկայումս գործող փոխհատուցման համակարգը հիմնականում ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից և բացակայում է այնպիսի ինստիտուցիոնալ կառույցի ներկայությունը, որը կհավաքագրի հասարակությունից նվիրաբերվող միջոցները, կկառավարի դրանք և ստացված միջոցներից հատուցումներ կվճարի մարտական գործողություններից տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
Վերը նշված հանգամանքներ հաշվի առնելով նախատեսվում է ներմուծել այնպիսի համակարգ, որը կներառի պետական և հասարակական տարբեր խողովակներից ստացված միջոցները: Հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կապահովի միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը:
Համակարգը պետք է լինի պարզ ու հասկանալի բոլոր նվիրատուների համար, որը պետք է կառավարվի ակտիվների կառավարման մասնագիտական ձեւով, վերադիր ծախսերը պետք է լինեն նվազագույն, որ առավել շատ գումարներ հասնեն շահառուներին: Պետք է իրագործվեն թե իրավական, թե տնտեսագիտական հնարավորություններ՝ լրացուցիչ հնարավորություններ հավաքագրելու համար: Այն լինելու է թափանցիկ»,-նշեց Պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս հատուցման գումարները կսկսվեն վճարվել 2017թ. հունվարի 28-ից սկսած. «Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում զինծառայողին կամ նրա ընտանիքին կտրվի միանվագ տասը մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ հինգ մլն դրամ, ամենամսյա վճարներ սպայական անձնակազմին՝ առաջին կարգի հաշմանդամության կամ մահվան դեպքում համապատասխանաբար երկու , 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում՝ երեք հարյուր հազարական դրամ, ենթասպայական կազմի համար՝ համապատասխանաբար 250 եւ 150 հազարական դրամ, շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 եւ 100 հազար դրամ»:
Նա անդրադարձավ նաեւ այս օրերին հնչող քննադատությանը. «Քննադատությունը երբեմն սուր էր, միմյանց վիրավորող կարծիքներ էին հնչում: Սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում դրա մեջ. այս օրենքի բովանդակությունը այն չէ, որ նման բան հնչեն կամ պիտակավորեն, մեղադրեն մեկը մյուսին: Այս օրենքի շահառու որեւէ մեկը չի ուզում իրեն պատկերացնել, ու դա ճիշտ է: Սա իմ առաջին նախագիծն է՝ որպես Պաշտպանության նախարար, որ բերել եմ ԱԺ: Ես որեւէ քաղաքական դիվիդենտներ չեմ փնտրել այստեղ: Հարց է հնչում՝ արդյոք մենք կարողանալո՞ւ ենք մեր բյուջեով վճարել այդ գումարները, թե պետք էր նոր մոտեցումներ գտնել: Եթե բյուջեի հաշվին անեինք, դա պոպուլիստական քայլ կլիներ մեր կողմից առաջիկա ընտրություններին ընդառաջ, քանի որ բյուջեն չունի նման հնարավորություններ: Ուզում եմ ազնիվ ու շատ բաց ասել, որ ուրախ ու կողմ կլինեմ, եթե ԱԺ պատգամավորները հետամուտ լինեն ու անուն-անուն թվարկեն հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին իրենց ու իրենց ընտանիքիների երջանկությունը կազմողներին: Վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է: Բայց, եթե այդպիսիք կան, ապա այդ գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե ու պատասխանատվություն կրեն»:
Նախարարը հավելեց նաև, որ լինելու է կայք էջ ու ամեն ինչ պարզ երևալու է.ով, ինչքան է փոխանցել և այլն: